Պարզվել է երեկ Ամասիայում ձորը գլորված ավտոմեքենայի 5 վիրավորների ինքնությունը. ճշտվում են մահացածի տվյալները

11:15 • 13.08.12

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական գործը հարուցվել է երեկ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ երեկ Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Ջոն Ադամյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 29 OO 823 համարանիշի ավտոմեքենան, Հողամարգ-Ամասիա ավտոճանապարհի 8-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:

 

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորները` Գյումրի քաղաքի Ղամբիլյան փողոցի բնակիչ, 21-ամյա Էդգար Երանոսյանը, Անի թաղամասի բնակիչ, 25-ամյա Գևորգ Գրիգորյանը, Ամասիա գյուղի բնակիչներ, 26-ամյա Անժելա Սեխլեյանը, 27-ամյա Ագապի
Սեխլեյանը, մարմնական վնացվածքներով տեղախվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

 

Վթարի հետևանքով տեղում մահացել էր ուղևորներից մի կին:

 

Մահացածին և վիրավորներին ավտոմեքնայից, այնուհետև ձորից դուրս են բերել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության Ամասիայի ջոկատի հրշեջ փրկարարները, Ոստիկանության Ամասիայի բաժնի աշխատակիցները, նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` դասակի հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` պարզելու համար մահացածի ինքնությսւնը:

 

Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ ավտովթարի մասին Ճանապարհային ոստիկանություն տեղեկացնելուց հետո` գիշերը, ժամը 03.00-ի սահմաններում, դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը: