Հարավկորեացիները 230 կմ լողալով կհասնեն վիճելի կղզիներ

10:44 • 13.08.12

Մի խումբ հարավկորեացիներ` երգիչ Կիմ Չժան Հունի գլխավորությամբ, այսօր Հարավային Կորեայի արևելյան նավահանգստից ճանապարհ են ընկել դեպի Լիանկուրի վիճելի կղզիներ, հայտնում է Agence France-Presse-ը: Մի քանի տասնյակ մարդ, մասնավորապես` ուսանողներ, ծրագրում են լողալ 230 կմ`  փոխարինելով միմյանց: Սպասվում է, որ ողջ ճանապարհը նրանցից կխլի 55 ժամ:

 

Լիանկուր կղզիներին, որոնք Հարավային Կորեան անվանում է Տոկտո, հավակնում է նաև Ճապոնիան (ճապոներենով կղզիները կոչվում են Տակեսիմա): Տարածքի համար վեճը սրվել է օրեր առաջ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բաքի` կղզիախումբ այցից հետո: Դրանից հետո, Տոկիոն հետ է կանչել Սեուլից իր դեսպանին, իսկ Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդան Լի Մեն Բաքի այցն անվանել է «վերին աստիճանի ցավալի»:

 

 


Վիճելի կղզիները Ճապոնիայի կազմում ընդգրկվել են 1905թ.-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Կորեան անկախություն ձեռք բերեց, կարողացավ վիճարկել դրանք:


«Երբ հասնեմ տեղ, ես չեմ ասի «Տոկտոն մեր տարածքն է»: Դա անիմաստ է, քանի որ այն անկասկած մեր տարածքն է»,- ասել է հարավկորեացի երգիչը: