Կանարյան կղզիների բնակիչներին տարհանում են հրդեհների պատճառով
Օդի բարձր ջերմաստիճանը և ցածր խոնավությունը խոչըդոտում են Կանարյան կղզիներում մոլեգնող հրդեհների մարման աշխատանքներին: Հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 4700 մարդ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով Կանարյան կղզիների ինքնավար կառավարության անվտանգության և արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Խուան Մանուել Սանտանային:
Նա նաև նշել է, որ հրդեհների հետևանով առաջացած բարդ իրավիճակի պատճառով փակվել են նաև մի քանի ավտոմայրուղիներ:
Գործակալության տեղեկություններով, ներկայում հրդեհները տարածվել են ավելի քան 3.300 հեկտար տարածության վրա: Գոմերա կղզու վրա հրդեհները մոլեգնում են արդեն 7 օր շարունակ:
Տարերային աղետից լրջորեն տուժել է Գարախոնայ ազգային այգին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ է գտնվում:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են բազմաթիվ մարտական հաշվարկներ, 6 ուղղաթիռ և 4 ինքնաթիռ, ինչպես նաև զինվորականները:










