Օգոստոսի 13-ը, 14-ն ու 15-ն ամռան, մինչ այժմ եղած, ամենաշոգ օրերն են
Այսօր, վաղը և հաջորդ օրը, համաձայն «Հայհիդրոմետ» ծառայության, Երևանում, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզի նախալեռնային շրջաններում կգրանցվի այս տարվա ամռան ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 36-39 աստիճան տաքություն: Ըստ որում, Վայոց ձորում ջերմաստիճանն էլ ավելի բարձր կլինի՝ 37-39 աստիճան տաքություն: Այս մասին տեղեկանում ենք «Հայհիդրոմետից»:
Նշենք, որ բնակչության շրջանում, ինչպես լինում է յուրաքանչյուր ամառ, լուրեր են շրջանառվում, թե իրականում ջերմաստիճանն է՛լ ավելի բարձր է լինելու, պարզապես, եղանակի տեսությունը թաքցվում է՝ Աշխատանքային օրենսգրքի հետ խնդիրներ չառաջացնելու համար: Համաձայն օրենսգրքի, եթե 40-ից ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում գործատուն չի կարողանում ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ, ապա պարտավոր է աշխատակցի համար սահմանել կա՛մ կրճատ աշխատանքային օր, կա՛մ նրան տրամադրել երկարատև՝ երկու ժամանոց ընդմիջումներ:
«Էդպիսի բան ո՛չ սովետական շրջանում է եղել, ո՛չ էլ հիմա: Միանշանակ վստահ եղեք, որ փաստացի, ինչ գրանցվում է, դա էլ հայտարարվում է: Կամ՝ ինչպե՞ս է հնարավոր, որ ինչ-որ մեկն ինձ կարգադրի, ես էլ նման բան հայտարարեմ»,- Tert.am-ին ասաց Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության պետ Լևոն Վարդանյանը՝ հավելելով, որ օրինակ՝ նախորդ տարի հայտարարվել էր, որ Երևանում օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-ին գրանցվել է 41 աստիճան տաքություն:
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանի մեկ տարի առաջ հայտարարել էր, որ հայ օդերևութաբանության պատմության մեջ 2011-ին գրանցվել է ամենաշոգ եղանակը, աննախադեպ է նաև շոգ եղանակի տևականությունը:
Զարուհի Պետրոսյանն ի պատասխան այն հարցին, թե, արդյո՞ք, այս շոգ եղանակը կարելի՞ է դիտել որպես գլոբալ տաքացման հետևանք, դրական պատասխան էր տվել և ավելացրել, որ եթե Երևանում ավելի շատ լինեին կանաչ տարածքները, ապա շոգն ավելի տանելի կլիներ:










