Այսօր մեռելոց է. մարդիկ այցելում են մահացած հարազատների շիրիմներին
Այսօր մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր, որը մշտապես հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոնի՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխմանը:
Կառավարության որոշմամբ այն նաև ոչ աշխատանքային է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում էր ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-դ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային:
Հայ Եռաքելական Եկեղեցու ծիսակարգով՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխմանը հաջորդող օրը մեռելոց սահմանելը նպատակ ունի հիշեցնել, որ նախ պետք է շնորհավորել ապրողներին, բարի և կարեկից լինել ապրող հարազատների և օտարների հանդեպ, ապա վառ պահել նաև հանգուցյալ բարեկամների հիշատակը:
Առհասարակ, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը մեռելոցներն են, երբ հարազատները, ըստ սահմանված խորհրդի, տոնի ավետիսն են տանում հանգուցյալներին:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի տեղեկացմամբ՝ մեռելոցը նախաքրիստոնեական բնույթ ունի, ինչպես, առհասարակ, հանգուցյալների ու դրանց հետ կապված արարողությունների մեծ մասը:
«Եթե նույնիսկ հնագիտական նյութով դատենք՝ ինչ էր մահը և մահվան տարածքը՝ գերեզման և դրա հետ կապված մարդկային հարաբերությունները, ապա դրանք հիմնականում բխում են այն մտածումով, որ մարդն իր երկրային կյանքից հետո գտնվում է մյուս կյանքում, թե որտեղ է, առարկայորեն էական չէ, բայց որտեղ որ է, կենդանի է և հետևում է ապրողների կյանքին: Սա շատ ժողովուրդների մեջ կա, այդ թվում՝ հայոց մեջ»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց ազգագրագետը՝ հավելելով, որ ձևավորված ծեսերը միտված են այդ հոգու հետ հարաբերություններին:
Դրանցից առաջինը մարդու մահվան հաջորդող հացկերույթներն են՝ հուղարկավորության օրը, մահվան յոթերորդ և քառասուներորդ օրերին: Կամ մահացած հարազատին երազում տեսնելուց հետո հոգեփայ էին բաժանում:
«Սրանց մեծ մասն ընդհանրապես ուղղված էին այդ հոգուն հանգստացնելուն, որ ինքը սիրված է, որ իրեն հիշում են, կարոտում իրեն: Եվ սկզբունքորեն, ավելի շատ ուղղված էր խաղաղեցնելու, որովհետև միշտ տագնապ կար, որ հոգին կարող է գալ և այլ մարդկանց կյանքեր տանել: Եվ այս մեռելոցները միջից էին ցույց տալու, որ ինքը մարդկանց կյանքում տեղ ունի»,-ասաց Հրանուշ Խառատյանը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է ազգագրագետը, եկեղեցին այնքան էլ չի ողջունում հանգուցյալի հետևից բարձր, երեսը ճանկռելով լացելու, կուրծք ծեծելու սովորույթը, որը հեռավոր գյուղական որոշ վայրերում դեռ պահպանվում է և որը չանելու մասին հայ հոգևորականները դեռ զգուշացնում են հանգուցյալի հարազատներին՝ այդ ծայրաստիճան ողբը համարելով բողոք Աստծո դեմ։
Հրանուշ Խառատյանը նշեց, որ 5-րդ, 6-րդ և ընդհուպ մինչև 7–րդ դարերում Հայ Առաքելական Եկեղեցին հարազատի կորուստն այդպես ողբալն արգելող հատուկ ժողովներ էր հրավիրում:










