Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

12:53 • 13.08.12

Օգոստոսի 13-ին ողջ աշխարհը նշում է Ձախլիկների միջազգային օրը: Այն հռչակվել է Միացյալ Նահանգների Քանզաս նահանգում 1976թ.-ին հիմնադրված Ձախլիկների միջազգային կոնֆեդերացիայի կողմից:

Այս տոնը միտված է հասարակության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա սևեռելուն: Ձախլիկների առաջին զանգվածային շարժումը սկսվել է 1980թ.-ին, ԱՄՆ-ում` ի պաշտպանություն աշխատանքից ազատված ոստիկան Ֆրանկլին Ուինբորնի, ով, լինելով ձախլիկ, ատրճանակի պատյանը կրել է ձախից, երբ ըստ օրենքի` այն պետք էր կրել աջից:

 

Երկիր մոլորակի բնակչության շրջանում ձախլիկները կազմում են 7-17%, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ձախլիկության իրական պատճառը դեռ անհայտ է: Գիտնականներն ու բժիշկները ենթադրում են, որ նրանք այդպիսին են ծնվում գլխուղեղի ներարգանդային զարգացման խախտման պատճառով: Երեխայի մոտ ձախլիկ ծնվելու հավանականությունը 2-3% է` եթե ծնողներն աջլիկ են, 14-18%` եթե ծնողներից մեկն է ձախլիկ, 30-40%` եթե ծողները ձախլիկ են:

Որոշ գիտնականներ պնդում են, որ ձախլիկներն ավելի խելացի են աջլիկներից: Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ձախլիկ շրջանավարտները 13-21%-ով (կախված է ուսուցման տևողությունից) ավելի շատ են վաստակում, քան նրանց աջլիկ կուրսեցիները: Սակայն այս միտումը միայն տղամարդկանց մոտ է նկատվում, իսկ աջլիկ ու ձախլիկ կանայք նույն արդյունքներն են դրսևորում:

 

Պատմության ամենահայտնի ձախլիկներն են Կեսարը, Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Ֆիդել Կաստրոն, Չերչիլը, Ջորջ Բուշ ավագը, Բարաք Օբաման, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Պաբլո Պիկասոն, Ֆրանց Կաֆկան, Ֆրիդրիխ Նիցշեն, Նիկոլո Պագանինին, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Ալբերտ Էյնշտեյնը, Իսահակ Նյուտոնը և այլք: