ՌԴ ԱԳՆ-ի աշխատակցուհին զանգահարել է «02» և հայտնել Պուտինի դեմ սպասվող մահափորձի մասին (տեսանյութ)

16:53 • 13.08.12

Մոսկվայի ոստիկանությունում և Անվտանգության դաշնային ծառայությունում այսօր առավոտյան իսկական իրարանցում է ստեղծել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մի աշխատակցուհի: Մոսկովյան ժամանակով ժամը 07.20-ին նա զանգահարել է Ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի վարչություն ու հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ սպասվող մահափորձի մասին, հայտնում է Life News-ը:

 

 Զանգահարողը ներկայացել է Յուլյա Աստախովա և ասել, որ նա աշխատում է ԱԳՆ-ում` որպես ավագ մասնագետ: Նա առաջարկել է ոստիկաններին գալ իր աշխատավայր, որտեղ էլ պատրաստվում էր պատմել սպասվող ահաբեկչության բոլոր մանրամասները:

Րոպեներ անց արագ արձագանքման խմբի աշխատակիցները մտել են Աստախովայի աշխատասենյակ:

«Նա պատմել է, որ հարձակման մասին իմացել է ինքնաթիռով թռչելու ժամանակ: Նա ասել է, որ օդանավում լույսը թարթել է, ինչից էլ հասկացել է` երկրի նախագահին ցանկանում են սպանել: Նա նաև ցանկացել է զանգահարել «01» ծառայություն և հայտնել Շերեմետևո օդանավակայանում հրդեհի մասին»,- պատմել են իրավապահները:


ԱԳՆ-ի աշխատակիցները հայտնել են ոստիկաններին, որ Յուլյա Աստախովան իսկապես նրանց գործընկերն է: Ոստիկաններին ոչինչ չէր մնում անել, քան կարծել, որ նա խելքը թռցրել է:


Նա տեղափոխվել է ՆԳ վարչություն: Կնոջ հետագա ճակատագիրը կորոշի հոգեբույժի եզրակացությունը: