Հայ համայնքն Ուկրաինայի պատմության ու մշակույթի մեջ անջնջելի հետք է թողել. քաղաքագետ
Ուկրաինան և նրա լրատվական դաշտը հակամարտությունների սրման համար օգտագործելու յուրաքանչյուր փորձ մեզ համար անընդունելի է, այս մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Դմիտրի Պետրենկոն` մեկնաբանելով Ուկրաինային հակահայկական քարոզարշավի մեջ ներքաշելու ադրբեջանական լրատվամիջոցների փորձերը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել էր «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» սկանդալային օրենքը, որով մի շարք լեզուների, այդ թվում` հայերենին, տրվել էր տարածաշրջանային լեզվի կարգավիճակ:
Սա զայրացրել է ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք մեղադրում են Ուկրաինային` նման կարգավիճակ ադրբեջաներենին չտալու, իսկ երկրի ադրբեջանական համայնքին` լավ չաշխատելու մեջ:
«Հրապարակված հոդվածներն արդյունք են ինչպես ադրբեջանական համայնքի ներսում, այնպես էլ համայնքի ղեկավարության ու պաշտոնական Բաքվի միջև որոշակի դժվարությունների»,- ասել է նա:
Ըստ քաղաքագետի` արտաքին քաղաքական հարաբերությունների դժվարին խճանկարում յուրաքանչյուր պետություն հասանելի միջոցներ է փնտրում իր շահերն առաջ տանելու համար:
«Այս հարցում սփյուռքն առավել կարևոր դեր է խաղում: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն առավել ակտիվորեն են ներգրավվում Ուկրաինայի քաղաքական կյանքին` առաջ տանելով իրենց հայրենակիցների շահերը»,- ասել է նա` հավելելով, որ դա լիովին նորմալ է և հասկանալի:
Նրա խոսքով` ազգային փոքրամասնությունները պետք է առավել ակտիվ դուրս գան իրենց սահմաններից ու գիտակցեն իրենց մեծամասնություն, ուկրաինացի ժողովրդի արժանի ու անբաժանելի մասնիկը:
«Միայն այդ դեպքում սփյուռքը կարող է ուկրաինական բազմազգ ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու հեռանկար ունենալ»,- հավելել է Պետրենկոն:
Այս համատեքստում նա ընդգծել է հայկական սփյուռքին, «որը, ունենալով համատեղ բնակության 1000-ամյա պատմություն, անջնջելի հետք է թողել պատմության մեջ, ինտեգրված է ուկրաինական համայնքի բոլոր մակարդակներում` հասարակական գործունեության մեջ, քաղաքական կյանքում, տեղական ինքնակառավարման ոլորտում:










