Իսպանացի քաղաքապետը մեքենան փոխարինել է սքութերով` քաղաքացիներին մոտ լինելու համար

17:07 • 13.08.12

Իսպանիայի Ռինկոն դե լա Վիկտորիա քաղաքի քաղաքապետ Ֆրանսիսկո Սոլադոն պաշտոնը ստանձնելուց հետո փոխարինել է իրեն տրամադրված ծառայողական մեքենան սքութերով` ցանկանալով «սովորական մարդկանց ավելի մոտ լինել», գրում է Euromag-ը:

«Նախևառաջ, այս փոխադրամիջոցը, ի տարբերություն, մեքենայի ավելի քիչ վառելիք է ծախսում: Իմ կարծիքով ցանկացած տնտեսում կարող է բարերար ազդեցություն ունենալ քաղաքի վրա: Բացի այդ, ամռանը սքութերով տեղափոխվելն ավելի հաճելի է և այն կայանելու տեղ համեմատաբար հեշտ է տեղ գտնել»,- նշել է Սոլադոն:

 

Համաձայն երկրի օրենսդրության` Անդալուսիայի Խունտայի անդամներն իրենց տրամադրության տակ ունեն հատուկ ծառայողական մեքենաներ, որը կարող են օգտագործել շուրջօրյա, թեև նրանց աշխատանքնային ժամերն ավելի չեն և չեն տարբերվում սովորական աշխատողների ժամերից:

«Այս հանգամանքը մեծ անդունդ է ստեղծում քաղաքական գործիչների և բնակչության միջև, որոնց մի մասը փորձում է պայքարել այս երևույթի դեմ»,- գրում է լրատվամիջոցը: