Երևանում մեկնարկել է 12-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը

16:10 • 14.09.12

ՀՀ կառավարության, Առողջապահության նախարարության, ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ այսօր 12-րդ բացվեց միջազգային ակնաբուժական համաժողովը։


Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրությունից, ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:


Ընթերցվել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին:


Երկօրյա համաժողովի մասնակիցներն ակնաբուժական ոլորտի անվանի փորձագետներ են ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Կովկասից, Միջին Ասիայից, ինչպես նաև բազմաթիվ ակնաբույժներ, ակնաբուժական հիմնարկների ղեկավարներ, նեոնատոլոգներ, նեոնատալ բուժքույրեր և հարակից ոլորտների այլ մասնագետներ Հայաստանից:


Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ–ի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ մեկնարկող «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակներում` ՀՀ առողջապահության նախարարության և «Գեբաուեր» շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ:


Համաժողովի առաջին օրը նվիրված էր ¬¬մանկական կուրության կանխարգելման և անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդության դեմ պայքարի խնդիրներին, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքներին:


Գերազանցության կենտրոնի առաքելությունն է կանխարգելել մանկական կուրությունը` ձևավորելով ակնաբուժական մասնագիտացված կարողություն Հայաստանում և տարածաշրջանում:


Կենտրոնը նաև ծառայելու է տարածաշրջանում բժիշկների միջև գիտելիքների փոխանակմանը և հմտությունների կատարելագործմանը:

 

«ՀԱՆ-ին ընձեռվել է հիանալի հնարավորություն առաջինը տարածաշրջանում հիմնել մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն: Ըստ նախնական պայմանավորվածության` կենտրոնը, որպես այդպիսին կսկսի գործել մեկ տարվա ընթացքում` նորածինների վերակենդանացման Հանրապետական բաժանմունքում»,- ասաց ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:


Սկզբնապես Գերազանցության կենտրոնը կենտրոնանալու է ԱՌ և նմանատիպ հիվանդությունների հետևանքով մանկական կուրության կանխարգելման բուն խնդիրների վրա: Այս նպատակին հասնելու համար աշխատանքներ են իրականացվելու նորածնային խնամքի ոլորտը բարելավվելու և ՀՀ մարզերի հետ համագործակցությունը ամրապնդվելու շուրջ:


Համաժողովի երկրորդ օրը (սեպտեմբերի 15-ը) նվիրված է լինելու ՀԱՆ-ի 20-ամյա հոբելյանին: Մասնակիցները ներկայացնելու են Հայաստանի և ԱՄՆ ակնաբույժների սերտ համագործակցության շնորհիվ ստացված ազդեցիկ ձեռքբերումները, ինչպես նաև խոսելու են ՀԱՆ-ի բազմաթիվ հովանավորների, գործընկերների, Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքների մասին, առանց որոնց հնարավոր չէր լինի օգնել բազմահազար մարդկանց Հայաստանում: Կլինեն նաև գիտական և վիճակագրական հետաքրքիր ելույթներ:


Հատուկ այս առիթով ՀԱՆ-ը հրատարակել է հոբելյանական գրքույկ «Հիշարժան պահեր` 20 տարի լույս հայի աչքերին», որի հնարավոր է ծանոթանալ նաև օնլայն www.aecp.am վեբ-կայքում:

 

Երևանում մեկնարկել է 12-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը