Նոր 5-րդ սերնդի 16 Գբ iPhone-ի ինքնարժեքային գինը մոտ 167,5 դոլար է կազմել. փորձագետներ

17:37 • 15.09.12

Apple-ի նոր արտադրանքի` iPhone 5-ի 16 Գբ հիշողությամբ տարբերակի մոտավոր ինքնարժեքը 167,5 ԱՄՆ դոլար է, վկայում են UBM TechInsights ընկերության ուսումնասիրությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Այդ մոդելն առանց բջջային օպերատորի հետ երկամյա պայմանագրի ԱՄՆ-ում կարժենա 649 դոլար: Իսկ պայմանագիր կնքելուց հետո 16 Գբ iPhone 5-ի գինը կազմում է 199 ԱՄՆ դոլար, ինչպես և իր նախորդների ժամանակ:

 

Ըստ տնտեսագետների, Apple-ի արտադրանքը ավանդաբար բարձր հավելադրույք է ունենում, ինչը հնարավորություն է տալիս ընկերությանը բջջային սարքերի արդյունաբերության ոլորտում առկա եկամուտի մեծ մասին տիրանալ:


UBM TechInsights-ի պնդմամբ, iPhone 5-ի ամենաթանկ բաղադրիչը նոր Apple A6 պրոցեսորն է, որն ընկերությանը կարժենա մոտ 28 դոլար: Եվս մեկ բարձր գին ունեցող բաղադրիչ է գերարագ LTE ցանցերում սմարթֆոնի աշխատանքը ապահովող մոդեմը, որի գինը մոտ 25 դոլար է:


Պետք է նշել, որ UBM TechInsights-ի տվյալները միայն նախնական բնույթ են կրում, առավել ճշգրիտ տեղեկություններ կհայտնվեն, երբ iPhone 5-ը վաճառքում լինի և զանազան ընկերությունների փորձագետները հնարավորություն ունենան այն մանրամասն ուսումնասիրել:


Նշենք նաև, որ ինչպես նախկինում նշում էին շատ փորձագետներ, Apple-ը չի կարողանալու բավարար քանակով iPhone 5 արտադրել, հատկապես էկրաններ արտադրող ընկերությունների պատճառով:


Դա հաստատվեց արտադրանքի նախնական պատվերների ընդունման հենց առաջին օրը: Apple-ը պատվերները սկսել էր ընդունել հինգշաբթի օրը երեկոյան ԱՄՆ-ի արևմտյան ափին՝ խոստանալով առաքումներ իրականացնել արդեն հաջորդ ուրբաթ, երբ վաճառքի կհանվի նոր iPhone-ը:


Սակայն ընդամենը 4 ժամ անց առաքման ժամկետները երկարաձգվել էին 2 շաբաթով: Եվս 4 ժամ անց Apple-ի կայքը դադարեցրել էր պատվերի ընդունումը: Ընկերությունն իր առաջարկի ծավալները սպառել էր պատվերների ընդունումից 60 րոպե անց:

Նոր 5-րդ սերնդի 16 Գբ iPhone-ի ինքնարժեքային գինը մոտ 167,5 դոլար է կազմել. փորձագետներ