Վ. Համբարձումյանի անվան մրցանակը շնորհվեց էստոնացի և ռուս գիտնականներին

19:53 • 18.09.12

ԽՍՀՄ և ՌԴ Պետական մրցանակների դափնեկիր, համաշխարհային ճանաչում ունեցող հայ աստղաֆիզիկոս, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի 2012թ. միջազգային մրցանակն այս տարի շնորհվեց պրոֆեսոր Յան Էյնաստոյին (Էստոնիա) և պրոֆեսոր Իգոր Նովիկովին (Ռուսաստան):


Մրցանակի հանձման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր, Գիտությունների ազգային ակադեմիայի ընդունելությունների դահլիճում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:


Միջոցառմանը ներկա էին նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը և մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր:


Սերժ Սարգսյանը շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորեց աստղաֆիզիկայի զարգացման գործում Վիկտոր Համբարձումյանի որպես գիտնականի ունեցած դերը:


ՀՀ նախագահը հիշեցրեց, որ Վիկտոր Համբարձումյանը օժտված էր ոչ միայն եզակի տաղանդով, այլ նաև բարոյական ամենաբարձր հատկանիշներով:


«Խորին հարգանքով ու ակնածանքով էին լցվում բոլոր նրանք, ովքեր բախտ էին ունենում գիտնականի հետ շփվել»,– ասաց նա:


«Համբարձումյանի ու նրա հիմնած Բյուրականի աստղադիտարանի շնորհիվ Հայաստանը դարձավ ոլորտում առաջատարներից մեկը ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում»,– ավելացրեց նա:


Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ ուրախ է արդեն երկրորդ անգամ մրցանակաբաշխությանը ներկա լինելու համար և նկատեց, որ մրցանակաբաշխությունը վերածվում է բարի ավանդույթի, որն անհրաժեշտ է զարգացնել, փայփայել և միս ու արյուն տալ դրան:


Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հայ ազգը մի շարք հայտնի մարդիկ է տվել աշխարհին, ովքեր մեծ դեր են ունեցել գիտության զարգացման գործում: Նրանցից է նաև Վիկտոր Համբարձումյանը:


«Մրցանակի հիմնադրումը նպատակ ունի նաև Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու և մատնանշելու նրա դերը աստղաֆիզիկայի զարգացման գործում»,-ասաց նա:


Տեղեկացնենք, որ մրցույթին ներկայացված է եղել 12 աշխատանք: Տարտուի աստղադիտարանն առաջադրել է Յան Էյնաստոնին՝Անպաշտոնին «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար»։


Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտական ինստիտուտի (Լիտվա) կողմից պրոֆեսոր Իգոր Նովիկովն էլ առաջադրվել է «Ջերմ տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակ» առաջարկելու համար:


Հիշեցնենք, որ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ 2009թ-ին:


Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է:


Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ:


Մրցանակը կազմում է 500. հազար ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ: Այս դեպքում մրցանակը կբաժանվի երկու մրցանակակիրների միջև:


Առաջին անգամ` 2010թ-ին, մրցանակը շնորհվել է հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանտոսին:
 

Վ. Համբարձումյանի անվան մրցանակը շնորհվեց էստոնացի և ռուս գիտնականներին