4-րդ դարի ձեռագրում Քրիստոսը խոսել է իր կնոջ մասին. Հարվարդի պրոֆեսոր

10:46 • 19.09.12

Աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի քրիստոնեության պատմության մասնագետ Կարեն Քինգը սկանդալային մի բացահայտում է արել:

 

Ինչպես նշում է բրիտանական The Guardian-ը, պրոֆեսոր Քինգը 4-րդ դարի, միակ օրինակով պահպանված պապիրուսի կտոր է հայտնաբերել, որտեղ Հիսուս Քրիստոսը բացահայտ խոսում է կին ունենալու մասին: Ձեռագրի վրա եղած տեքստում Քրիստոսը դիմում է «իր կնոջը»` նրան Մարիամ անվանելով:
Մասնագետի կարծիքով՝ ղպտիական ձեռագրի այս հատվածն իրականում հույների կողմից 2-րդ դարում գրված ավետարանի կրկնօրինակի մի մասն է:

 

Քինգն այս ձեռագիրը թարգմանել և ներկայացրել է Հռոմում կայացած գիտաժողովի ժամանակ, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից 300 ակադեմիկոսներ: Սակայն կինն այն կարծիքն է արտահայտել, որ ձեռագրից պետք չէ եզրակացնել, թե Քրիստոսն ամուսնացած է եղել:

 

«Ըստ երևույթին, այդ կարծիքին են եղել այս տեքստը գրող քրիստոնյաները: Քրիստոնյա հին եգիպտացիների լեզվով գրված ձեռագրում ասվում է .«Քրիստոսն ասաց նրանց (իր հետևորդներին)` իմ կինը` Մարիամը, կարող է լինել իմ հետևորդը»»,-հայտարարել է Քինգը:

 

Համաժողովի ընթացքում մեծ հետաքրքրություն առաջացրած այս ձեռագրին, սակայն, չի անդրադարձել Վատիկանի թերթն ու ռադիոն, քանի որ Վատիկանն ընդունելի չի համարում Քրիստոսի ամուսնացած լինելու վարկածը:

 

Աղմկահարույց ձեռագիրը պատկանում է անհայտ մի հավաքորդի, ով կապվել է Քինգի հետ` այն թարգմանելու և վերլուծելու համար: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է ձեռագիրը հայտնաբերվել:
 

4-րդ դարի ձեռագրում Քրիստոսը խոսել է իր կնոջ մասին. Հարվարդի պրոֆեսոր