Գերմանիայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում հրաժարվել Internet Explorer-ից
Microsoft-ի դիտարկիչը վերջին շրջանում «թույլ օղակ» է դարձել՝ թույլ տալով հաքերներին հարձակումներ իրականացնել օգտատերերի համակարգիչների վրա: Գերմանիայում այս խնդրով մտահոգվել է անգամ կառավարությունը՝ խորհուրդ տալով իր քաղաքացիներին Internet Explorer-ից ուրիշ ծրագրերի անցնել՝ ինտերնետային էջեր այցելելու համար, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ՝ երկուշաբթի, այս մասին հայտնել էր նաև Microsoft-ը՝ ասելով, որ այդ դիտարկիչը համակարգիչն անպաշտպան է դարձնում հաքերների համար:
Explorer-ի դեպքում հաքերներին բավական է միայն օգտատիրոջը «տանել» որևէ կայք, որն ավտոմատ կերպով տեղադրում է վնասաբեր ծրագիրը: Ուստի՝ Գերմանիայի Տեղեկատվական անվտանգության դաշնային բյուրոն գերմանացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հրաժարվել Explorer-ից:
Microsoft-ը խոստացել է մի քանի օրից այդ խոցելիությունը շտկող լրացում թողարկել:










