«Սիվիլիթասի» և «ՍիվիլՆեթի» աշխատողները վաղը ԱԺ–ի դիմաց բողոքի դուրս կգան

10:40 • 30.09.12

«Սիվիլիթաս» հիմնադրամի և «ՍիվիլՆեթ» կայքի աշխատակիցները երկուշաբթի օրը՝ ժամը 11:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն և այդպիսով իրենց բողոքը կհայտնեն կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդագրի հետ, այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան իր էջում Վարդան Օսկանյանի արած գրառումից։


«Այն պահին, երբ «Սիվիլիթասի» և «ՍիվիլՆեթի» աշխատակիցները հայտնեցին, որ ուզում են երկուշաբթի օրը, ժամը 11:00-ից հավաքվել խորհրդարանի առաջ իրենց բողոքը հայտնելու` կապված դատախազի միջնորդագրի հետ, բազմաթիվ զանգեր եմ ստացել, և շատերն էլ մոտեցել են ինձ` հայտնելու իրենց աջակցությունը և պատրաստակամությունը միանալու «Սիվիլիթասի» աշխատակիցներին»,– ասվում է գրառման մեջ։


Հիշեցնենք, որ ՀՀ նախկին արտգործնախարարի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ այս տարվա մայիսի 25-ին Ազգային անվտանգության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցել՝ փողերի լվացման հատկանիշներով։


Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 18-ին մերժել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը, որով այն պահանջում էր անվավեր ճանաչել Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործ հարուցելու մասին որոշումը։


Հիմնադրամը դիմել էր նաև Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով դադարեցնել ԱԱԾ–ի պահանջով հարուցված քրգործը։ Սակայն այս բողոքը նույնպես մերժվեց, և հիմնադրամը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան։