Խոշոր հրդեհ Հալեպի հին թաղամասերից մեկում. ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն աղետ է անվանել

09:57 • 30.09.12

Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ կառավարական ուժերի և ապստամբների միջև դաժան մարտեր են ընթանում, հրդեհ է բռնկվել քաղաքի առավել պահպանված առևտրային հին թաղամասերից մեկում, որտեղ հարյուրավոր խանութներ են այրվել։


Ինչպես տեղեկացնում է BBC–ի ռուսական ծառայությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հրդեհի հետևանքով Հին քաղաքին պատճառված վնասը աղետ է համաշխարհային մշակութային ժառանգության համար։


«Այն, որ Հին քաղաքը տուժել է, մեծ կորուստ է և աղետ»,– Associated Press գործակալությանն ասել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի մամուլի տնօրեն Կիշոր Ռաոն։


Ընդդիմադիր ակտիվիստների տվյալներով, հրդեհը, որն առաջացել է կրակոցների հետևանքով, սկսվել է ուրբաթ երեկոյան և շարունակվել շաբաթ օրը։


Հալեպը Սիրիայի ամենախոշոր և ամենախիտ բնակեցված քաղաքն է։ Հենց Հին քաղաքում էլ տեղակայված են միջնադարյան առևտրային կրպակները և փայտե ֆասադներով տները, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։