Կատարը դիվանագիտական ներկայացուցչություն է բացում Գազայի հատվածում
Կատարն այսօր հայտարարել է Գազայի հատվածում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին։
Պարսից ծոցի այս ոչ մեծ պետության ներկայացուցիչներն ընդգծել են, որ պաշտոնապես այն չի գործի որպես դեսպանատուն։ Կատարի ներկայացուցչությունը Գազայում կվերահսկի նյութական միջոցների հոսքը՝ հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք ստացվում են Կատարից մարդասիրական նախագծերի շրջանակում։
Գործակալության համաձայն՝ դիվանագիտական գրասենյակի բացումը վկայում է այն մասին, որ երկիրը ճանաչում է «Համաս» իսլամիստական շարժման գործունեության օրինականությունը, որը 2007թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո ստանձնել է Գազայի հատվածի հսկողությունը։
«Համաս»-ի մրցակիցն է համարվում Պաղեստինի ինքնավարության և «Ֆաթհ» շարժման ղեկավար Մահմուդ Աբասը։ Նրա հարաբերությունները բազմիցս սրվել են Կատարի հետ, որի արբանյակային «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաճախ ենթարկվել է պաղեստինցի առաջնորդի քննադատությանը։ Բացի այդ, Կատարը հաճախ է հյուրընկալել «Համաս»-ի առաջնորդներին։










