Տիմոշենկոյի ցույցը տվեց իր արդյունքը. նրան թույլատրել են հանդիպել կուսակիցների հետ
Ուկրաինայի պատիժների իրականացման պետական ծառայությունը թույլատրել է ազատազրկման դատապարտված, սակայն այժմ հիվանդանոցում գտնվող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին հանդիպել կուսակիցների՝ Արսենի Յացենյուկի, Ալեքսանդր Տուրչինովի և Գրիգորի Նեմիրյայի հետ, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով ծառայության հաղորդագրությանը։
Ուկրաինայի քրեական օրենսդրության համաձայն՝ չի թույլատրվում հանդիպումներ ունենալ բուժման մեջ գտնվող ազատազրկվածների հետ։ Վերջինի հետ կարող են շփվել միայն փաստաբաններն ու բուժանձնակազմը։
Ծառայությունից հայտնել են, որ թույլտվությունը տրամադրվում է՝ չնայած այն հանգամանքին, որ Տիմոշենկոն կոպտորեն խախտում է կանոնները, անտեսում ծառայության օրինական պահանջները, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտյալը վաղուց սպառել է իրեն հատկացված կարճաժամկետ տեսակցությունների իրավունքը։
Ինչպես ուրբաթ հաղորդել էր Tert.am-ը, նախկին վարչապետը պառկել էր խարկովյան հիվանդասենյակի բետոնե հատակին և հրաժարվել որևէ բան անել, քանի դեռ նրան թույլ չեն տա հանդիպել ընդդիմության առաջնորդների հետ։ Իսկ նախօրեին նրա գլխավորած Батькивщина կուսակցության կայքում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ Տիմոշենկոն կոչ է արել հաղթել ընտրություններում «մաֆիային» և իր ազատազրկումն անվանել է դժոխային։










