Թուրքիան հրետակոծել է Սիրիան (թարմացվում է)

23:20 • 03.10.12

 

Թուրքիան այսօր կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ` ի պատասխան այսօր երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի, որի հետևանքով սիրիական կողմից արձակված հրետանային արկի պայթյունից զոհվել էր 5 մարդ և 10-ը վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով թուրքական կառավարության մամուլի ծառայությանը:


«Սիրիայի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ հրետանային կրակ է բացվել։ Սիրիայի սահմանին տեղակայված մեր զինված ուժերը, մարտական կիրառության կանոնների համաձայն ամիջապես պատասխան հարված են հասցրել: Ռադարի կողմից հայտնաբերված սիրիական թիրախներին հրետանային հարված է հացվել, թիրախները խոցվել են», - ասվում է հայտարարության մեջ», - ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության ասվում է Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:


Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Թուրքիայի Շանլըուրֆա շրջանի Ակչաքալե բնակավայրում սիրիական կողմից արձակված ռումբ է ընկել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 5, վիրավորվել 10 մարդ։

Թուրք- սիրիական սահմանի մոտակայքում՝ Թել Աբիաթ սահմանային կետի համար պայքարը Սիրիայի կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև շարունակվում են։ Հենց այդ բախումների ընթացքում արձակված ռումբն էլ հատել է սահմանը՝ հասնելով թուրքական գյուղին։ Աքչաքալեի շրջանի ղեկավար Աբդուլհաքիմ Այհանը տեղեկացրել է, որ ռումբն ընկել է մի տան վրա։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրք-սիրիական սահմանին ահաբեկչության կամ այլ վտանգի դեպքում իրենք պատրաստ են դիմել ցանկացած քայլի:


Նշված միջադեպի կապակցությամբ ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այսօր Անկարային կոչ է արել խուսափել Դամասկոսի հետ հարաբերությունների լարումից` Սիրիայի տարածքից արձակված ականի Թուրքիայի տարածքում պայթելու և դրա հետևանքով 5 մարդու զոհվելուց հետո:
 

«Բան Կի Մունը Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել բաց պահել Սիրիայի հետ հաղորդակցության բոլոր ուղիները, որ նվազեցվի լարվածությունը, որը կարող է առաջանալ միջադեպի հետևանքով», - հայտարարել է ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:


Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութողլուն ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախսազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր երկրի համբերությունը «հատել» է, իսկ սիրիական հակամարտությունը Թուրքիայի համար ուղղակի վտանգի է վերածվել:
 

Բացի այդ, ԶԼՄ-ների հաղորդմամբ, թուրքական ԱԳՆ-ում կայացած արտակարգ հանդիպման ժամանակ գործողությունների զանազան տարբերակներ են քննարկվել, այդ թվում և Սիրիայի սահմանին ժամանակավոր անվտանգության գոտու ստեղծման սցենարը:


 


23։32

ՆԱՏՕ-ն հայտարարում է հրատապ ժողով տեղի ունեցածի կապակցությամբ, հաղորդում է BBC-ն։

 


00.10

Միջադեպի կապակցությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ այն որակելով ծայրահեղ վտանգավոր, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Քլինթոնի խոսքով, նա մտադիր է մոտակա ժամերի ընթացքում այդ միջադեպի կապակցությամբ քննարկում անցկացնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի հետ:

«ԱՄՆ-ն քննարկում է տարածաշրջանում այդ ծայրահեղ վտանգավոր իրավիճակը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ…. Մենք նախատեսում ենք քննարկել այն նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի հետ…. Միջազգային հանրությունը պետք է միավորվի և շարունակի Բաշար Ասադի վարչակարգին ստիպել դադարեցնել կրակը և իշխանությունը փոխանցել», - ասել է Քլինթոնը լրագրողներին:

Նրան խոսքով, ափսոսանքի մասին հայտարարությունները, որոնք միջադեպի կապակցությամբ արել են Սիրիայի իշխանությունները, թելադրված են միայն իշխանությունը պահելու մղումով:
 


 

01.20

Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող սիրիական բանակի հրետանային կայանները, որոնցից արձակված արկերը հասել էին Թուրքիայի տարածք և դարձել 5 մարդու մահվան պատճառ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին:

Ըստ NTV-ի թուրքական կողմի հրետակոծման հետևանքների մասին դեռ տեղեկություններ չկան:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի խորհրդարանում, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ, արտակարգ նիստ է գումարվել: «Օրակարգում Սիրիան է», - նշում է NTV-ն:
 


01.25

ՆԱՏՕ-ի խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ այդ կառույցը «ամբողջությամբ աջակցում է Թուրքիային» և «պահանջում է Սիրիայից անմիջապես դադարեցնել Անկարայի դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ գործողություն», - հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։