Հալեպում բախումները ողջ գիշեր չեն դադարել
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում բախումները ողջ գիշեր չեն դադարել։
Կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև ընթացող ռազմական գործողություններն ընթացել են հայկական թաղամասերին չափազանց մոտ։
Ռազմական ինքնաթիռներն ու տանկերը տեսանելի են եղել նաև հայաշատ շրջաններում։ Լարված է եղել հատկապես Բոսթան Փաշա թաղամասը, որտեղ գտնվում է հայկական ծերանոցը, պայթյուններ են տեղի ունեցել նաև Նոր Գյուղի ծայրամասային հատվածներում։
Tert.am-ի Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ այս պահին հայկական թաղամասերում հարաբերական անդորր է, սակայն ինչ կլինի ժամեր անց, ոչ ոք չի կարող կանխագուշակել։
Հայ համայնքում իրավիճակի, հնարավոր կորուստների մասին Tert.am-ը կտեղեկացնի քիչ ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Հալեպի համար պայքարը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սիրիայի կառավարությունը նոր ուժեր է ուղարկել Հալեպ, իսկ Հալեպի մարտերն անձամբ ղեկավարում է նախագահ Բաշար ալ Ասադը։
Պաշտոնական Դամասկոսը, սակայն, հերքել էր այս լուրերը։
Երեկ Հալեպի կենտրոնում՝ վարչական շենքերի մոտակայքում, միմյանց հաջորդած 5 պայթյունների հետևանքով զոհվել էր 34, վիրավորվել 122 մարդ։










