Հալեպում օդուժի մասնակցությամբ բախումները շարունակվում են. դրանք ընթանում են հայկական թաղամասերի մոտ
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում ողջ գիշեր չդադարած բախումները շարունակվում են նաև այժմ։
Կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև ընթացող ռազմական գործողություններն ընթանում են հայկական թաղամասերին չափազանց մոտ։
Tert.am-ի հետ զրույցում Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը պարբերաբար ուշադրություն էր հրավիրում պայթյունների և հրետակոծությունների ձայների վրա, որոնք լսելի էին անգամ հեռախոսով։
Ռազմական ինքնաթիռներն ու տանկերը երևում են նաև հայաշատ շրջաններում, իսկ հրետակոծության ձայներն արդեն սովորական են դարձել։
Շարունակում է լարված մնալ հատկապես Բոսթան Փաշա թաղամասը, որտեղ գտնվում է հայկական ծերանոցը, պայթյուններ են տեղի ունեցել նաև Նոր Գյուղի ծայրամասային հատվածներում։
«Շրջաններ կան, որ տակավին օդուժի օգնությամբ զորքը կփորձե ընդդիմադիրները ուղղակիորեն զարնել։ Ինչ կվերաբերի մեր վնասներին՝ որպես գաղութ, մասնավոր նոր դեպքեր չունինք»,-ասաց Ժիրայր Ռեյիսյանը։
Նա պատմեց, որ վերջին մեկ օրվա ընթացքում Նոր գյուղում բռնկված հրդեհը մարելու համար բնակիչներին օգնության են հասել շտապ օգնության հայ տղաները։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն եղել։
Նյութական վնասների մասին համայնքում ավելորդ են համարում խոսելը։ Ժիրայր Ռեյիսյանի խոսքով՝ իրենց համար առաջնայինը մարդկային կորուստն է, սակայն անհերքելի է, որ պարբերաբար պայթող ռումբերն էական նյութական վնասներ են հասցրել։










