«Ալ Կաիդա»–ն, «Թալիբան»-ն և Իրանը Սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին կվճարեն $6 մլրդ
«Ալ Կաիդա» ահաբեկչական և աֆղանական «Թալիբան» խմբավորումներն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հարազատներին կվճարեն 6 մլրդ դոլար՝ որպես փոխատուցում։ Vz.ru-ի փոխանցմամբ՝ նման որոշում է ստորագրել նյույորքյան դատավոր Ջորջ Դենիելսը։
Նախորդ տարի Դենիելսը հեռակա որոշում էր կայացրել դատարան դիմած ահաբեկչությունների 47 զոհերի ընտանիքների անդամների օգտին՝ «Ալ Կաիդա»-ին, «Թալիբան»-ին ու Իրանին մեղավոր ճանաչելով ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց զոհ դարձավ մոտ 3 000 մարդ։
Ահաբեկչություններից հետո «Ալ Կաիդա»-ի նախկին պարագլուխ Ուսամա բին Լադենը միանգամից ստանձնել էր ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Իսկ այդ ժամանակ Աֆղանստանի իշխանության ղեկին գտնվող թալիբները պարագլխին ապաստան էին տրամադրել։
Իր հերթին, Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ոչ մի առնչություն չունեն ահաբեկչություններին։ Այնուամենայնիվ, Նյու Յորքի դատարանը վճռել է, որ Թեհրանն ահաբեկիչներին աջակցել է և այդ իսկ պատճառով պետք է փոխհատուցում վճարի։










