Մեկնարկեց «ՆՈՒՌ» ծրագիրը. աշակերտներին և ուսուցիչներին բաժանվեց 121 համակարգիչ (լուսանկարներ)
Այսօր, հոկտեմբերի 4-ին, «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում 121 XO համակարգիչներ են բաժանվել Երևանի թիվ 76 «Արգենտինյան Հանրապետություն» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների բոլոր աշակերտներին և ուսուցիչներին: Այս մասին տեղեկացնում են Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամից:
Արարողությանը մասնակցել են բարերար Էդուարդո Էռնեկյանը և ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:
Տեղեկացվում է, որ նախորդ օրը` հոկտեմբերի 3-ին, 129 հատ XO համակարգիչ է բաժանվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին: Այս դպրոցներն առաջինն են Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մեկնարկեց «ՆՈՒՌ» ծրագիրը:
Հիշեցնենք, որ «ՆՈՒՌ» ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011 թ-ի հունվարին ԼՂՀ կառավարության հետ ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու ԼՂՀ առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: ԼՂՀ Կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել գերարագ ինտերնետ կապ, որը ծրագրի գլխավոր ասպեկտներից է:
Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվերը՝ 3.500 համակարգիչներն արդեն հանձնվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին և ուսուցիչներին: Ծրագիրը շարունակական է, առաջիկայում համակարգիչներ կստանան նաև այս սեպտեմբերին առաջին դասարան ընդունված երեխաները:
«ՆՈՒՌ» ծրագիրը ԼՂՀ-ում իրագործվում է ՀԲԸՄ-ի հետ գործակցությամբ, որն աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդողկազմակերպությունն է և տեղում օգնություն է ցուցաբերում` նախագծի հաջողությունը երաշխավորելու համար:
«ՆՈՒՌ» ծրագիրն իրականացվում է հետևելով՝ «Մեկ համակարգիչ՝ յուրաքանչյուր երեխային» (ՄՀՅԵ) ծրագրի գաղափարին: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է, որը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտում և կիրառվում է աշխարհի շատ երկրներում:
ԼՂՀ կառավարության կողմից ինտերնետային կապը ապահովելուց հետո, հիմնադրամը կշարունակի կրթական նպատակներով ստեղծված XO համակարգիչների հանձնումը Արցախի մյուս համայնքների դպրոցներին ևս, որի արդյունքում ԼՂ տարրական դասարանների բոլոր աշակերտները մի քանի տարուց կունենան անձնական դյուրակիր համակարգիչներ: Համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն:
Այս նախաձեռնությունը ոչ միայն բարձրորակ կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում, այլև նպաստում է երեխաների տեղեկացվածության աստիճանի բարձրացմանն ու նրանց շփմանն աշխարհի հետ:
«Միջազգային համայնքը Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է պատերազմի և տարածաշրջանային հակամարտությունների շրջանակում: Մարդիկ չեն նկատում այնտեղ ծնվող և ապրող երեխաներին: Այդ երեխաները համընդհանուր կրթություն և ինֆորմացիա ստանալու իրավունք ունեն: Մտադրություն ունեմ ՆՈՒՌ-ի միջոցով լրացնել բացը և Լեռնային Ղարաբաղի երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն, որն այսօր առաջարկում է աշխարհը»,- նշում է պարոն էռնեկյանը:
«ՆՈՒՌ» -ը ցանկանում է բարելավել կրթական ոլորտը` ընդգրկելով տեխնոլոգիան դասարաններում, դպրոցներում և ընտանիքներում:










