Քիչ հետո կհրապարակվի «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած քրգործով վճիռը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ժամը 16.30–ի սահմաններում ակնկալվում է, որ կհրապարակվի «Հարսնաքար» ռեստորանային համալիրը հուլիսի 1-ի գիշերը պայթեցնելու փորձ կատարած ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանի քրգործի վճիռը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի՝ ծեծի հետևանքով մահանալուց հետո, հուլիսի 1–ին՝ գիշերը ժամը 02.15–ի սահմաններում, ճամպրուկը ձեռքին մտնելով «Հարսնաքար» ռեստորանային համալիր, Վարդան Սամվելյանը սպառնացել էր պայթեցնել ռեստորանը:
Ոստիկանության օպերատիվ–քննչական խմբին երեք ժամ շարունակված բանակցություններից հետո հաջողվել էր վնասազերծել Վարդան Սամվելյանին և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 235 հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) և 4-րդ մասերով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):
Հիշեցնենք, որ նախորդ՝ առաջին դատական նիստին ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատական նիստը արագացված ընթացակարգով քննելու համար:
Այսօր պաշտպանը, օգտվելով ռեպլիկի իր իրավունքից, դատարանին հիշեցրեց, որ ամբաստանյալի ազատազրկման նվազագույն պատժաչափը՝ 3 ամիս, արդեն կրել է և խնդրեց թույլ տալ նրան դատարանից անմիջապես տուն գնալ:
Ամբաստանյալ Վարդան Սամվելյանը նշեց, որ ինքը միանշանակ ընդունում է իր մեղքը և ափսոսում, որ ունենալով ռազմամթերք չի հանձնել համապատասխան կառույցին:
«Ես ռազմամթերքով ոչ մեկի կամ ինչ-որ շինության վնաս չեմ հասցրել: Միայն ինձ ու իմ ընտանիքին եմ վնասել՝ այսօր այստեղ գտնվելով: Կորցրել եմ իմ սիրած աշխատանքը»,- ասաց նա:










