Եվրոպական դատարանի վճռով Կառավարությունը 31.000 եվրո փոխհատուցում կվճարի Գրիշա Վիրաբյանին

20:44 • 04.10.12

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այս անգամ Եվրոպական դատարանը բավարարել է «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» բողոքը և պարտավորեցրել Հայաստանի Հանրապետությանն իբրև փոխհատուցում վճարել 31 հազար եվրո:


Այս մասին. Tert.am-ին ասաց փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, նշելով, որ փոխհատուցման գումարից միայն 25 000 եվրոն բարոյական մասն է կազմում:


«Եվրոպական դատարանը որոշել է, որ Վիրաբյանի գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը վերաբերում է անմարդկային վերաբերմունքին և խոշտանգումներին»,– ասաց նա:


«Սակայն այս դեպքում ճանաչվել է միայն խոշտանգումների մասն ամբողջությամբ, նաև ճանաչել է 6-րդ հոդվածի 2–րդ մասը՝ Արդար դատավարության և 14-րդ հոդվածը՝ խտրականության մասին»,- ավելացրեց նա:


Հիշեցնենք, նախորդ օրը ՄԻԵԴ–ը «Շուշի» առանձնակի ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով կայացրել էր վճիռ, որոմ ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է 6000 եվրո փոխհատուցում վճարել Սեֆիլյանին անձի ազատության իրավունքի խախտման համար:


Փաստաբանը հիշեցրեց, որ վերոնշյալը 2004թ-ի ապրիլին Արարատի մարզում տեղի ունեցած դեպքերն են, երբ ընդդիմության ցույցերի մասնակից Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) համակիր Գրիշա Վիրաբյանին ոստիկանները տարել էին Արտաշատի ոստիկանատուն, որտեղ մի քանի ժամ ծեծի են ենթարկել, հետո գցել մեկուսարան: Մարմնական վնասվածքների պատճառով Վիրաբյանը ենթարկվել էր վիրահատման: Այնուհետև, դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել:


«Անտեսվել էր այն հանգամանքը, որ ոստիկանությունում նա ծեծի է ենթարկվել, և կատարվել էր հակառակը՝ Վիրաբյանի դեմ քրեական գործ էր հարուցվել, իսկ տեղի ունեցածի համար ոստիկաներին չէին պատժել»,- ներկայացրեց Տիգրան Տեր-Եսայանը:

Փաստաբանը նկատում է, որ Եվրադատարանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նման գումարի չափով փոխհատուցման վճիռ կայացնելը, ինչպես նաև 25.000 եվրոն բարոյական փոխհատուցման համար աննախադեպ երևույթ է:


Նա նաև հիշեցրեց, որ 2004-ի ապրիլյան դեպքերից՝ «Հակոբ Հակոբյան և մյուսներ» բողոքն այս տարի ևս ՄԻԵԴ-ն բավարարել է և պարտավորեցրել Հայաստանի Հանրապետությանը 4 տուժողներին միասին վճարել 36 000 եվրո, որն ըստ փաստաբանի, կրկին նախորդների համեմատությամբ շատ մեծ գումար է:


«Խնդիրը նրանում է, որ մեր Կառավարությունը զգուշացրել էր, որ մենք ֆինանսապես ծանր վիճակում ենք և ֆինանսների գնահատման հարցով՝ մեղմ եղեք: Այսինքն, եթե ճանաչում եք իրավունքի խնդիրը, ապա գոնե գումարով մեզ մի նեղեք, որովհետև վճարունակ չենք: Սակայն Եվրադատարանը հասկացավ, որ այս թեզը մաշված է արդեն»,- ասաց փաստաբանը և նշեց, որ նախկինում՝ նմանատիպ որոշումների դեպքում, 3000 եվրո էին վճարում, որը շատ մեղմ էր:


ԵՄ պետություններում այսպիսի դեպքերի պարագայում ՄԻԵԴ–ի որոշումների փոխհատուցման չափը հասնում է 100.000 եվրոյի:


Թե ինչո՞ւ է Եվրադատարանն աստիճանաբար բարձրացնում Հայաստանի Հանրապետության փոխհատուցումների գումարը, Տիգրան Տեր-Եսայանը այսպես մեկնաբանեց. «Որովհետև եվրոպական դատարանն այդ հոսքը (բողոքների-Tert.am) Հայաստանից ուզում է կոտրել և զգուշացնել Հայաստանին, որ գիտե՞ք ինչ, ուշադրություն դարձրեք այս հարցերին, բավակա՛ն է»։


Փաստաբանը նաև նշեց, որ հարցը միայն Եվրադատարանին հաղթելը չէ։ «Ութ տարի նստես ու վերջում ասես հաղթել ենք որոշումը, բա հետևանքնե՞րը: Մարդիկ կան, որոնք այդ գործերում մեղավոր են, բայց դեռ ի պաշտոնե աշխատում են, այսինքն՝ պետությունը չի պատժում, չի՛ հեռացնում մեղավորներին, նյութական պատասխանատվություն չի՛ ենթարկում նրանց»,- եզրափակեց փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: