Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի պարգևներին արժանացածներին (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2012թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:
Ըստ նախագահական կայքի՝ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2012թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին ու աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:
«Պատահական չէ, որ այս ոլորտի զարգացմանը մենք առաջնային նշանակություն ենք տալիս: Մենք պետք է կարողանանք հասնել ոչ միայն ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթության, այլև այն հասանելի դարձնենք բոլորին: Մենք մեզ երբեք չենք կարող ներել, եթե պարզվի, որ ապագա հանճարն այդպիսին չի դարձել սոսկ այն պատճառով, որ հնարավորություն չի ունեցել կրթություն ստանալու»,– ասել է նա:
«Մենք արդեն պայմանավորվել ենք արագ մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան բոլոր այն ուսանողներին, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, բայց բավականաչափ վճարունակ չեն, խնդիրներ չունենալ: Մեր համոզմունքն է՝ Հայաստանում չի կարող լինել գեթ մեկ լավ սովորող երիտասարդ, ով ուսման վարձի պատճառով չկարողանա շարունակել ուսումը: Սա ես համարում եմ սկզբունքային հարց, և այդ հարցը մենք հիմա լուծում ենք արմատապես»,– ասել է նախագահը:
« Շեշտում եմ. ոչ մի լավ սովորող երեխա դուրս չի մնալու ուսման գործընթացից իր սոցիալական վիճակի պատճառով: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն էլ մե՛ր երեխաներն են, և ուսման իրավունքի իրականացման հարցերում ունենալու են հավասար հնարավորություններ:
Ավելին՝ մենք սրանով (և ոչ միայն սրանով) ապահովելու ենք կրթական գործընթացի շարունակականություն: Ե՛վ միջին մասնագիտական, և՛ բարձրագույն որակյալ կրթությունը հասու է լինելու բոլորին՝ առանց բացառության»,– ավելացրել է Սերժ Սարգսյանը:
ՏՏ բնագավառում Նախագահի կրթական պարգևը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդ, ինչպես նաև ներգրավված են հասարակական ծրագրերում:
Հաղթողների համար սահմանվել են` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ», «լավագույն մագիստրանտ», «լավագույն բակալավր», «լավագույն սփյուռքահայ մասնակից», «լավագույն ուսանողուհի», «լավագույն աշակերտ» անվանակարգերն ու մրցանակները:
Մրցանակաբաշխության գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից:










