Սաակաշվիլիի կողմնակիցները լքում են Վրաստանը. Известия
Վրաստանում հոկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում պարտված իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ շտապ լքել են երկիրը՝ վախենալով հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի դատական հետապնդումներից, գրում է «Իզվեստիա»-ն։
Պաշտոնական հաստատում, թե կառավարության պաշտոնյաներից ով է մեկնել, դեռ չկա։ Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիից թռիչքներ են եղել դեպի Վարշավա, Ռիգա, Կիև, Տալին և այլ քաղաքներ։ Ականատեսները պատմել են, որ օդանավակայանի կառավարական սրահի մոտ տեսել են պետական համարներով և մգեցված ապակիներով 10 մեքենա։
Մինչդեռ սոցկայքերում ակտիվ քննարկվում է, որ Վրաստանը կարող էին լքել մասնավորապես Արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, Պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին, ինչպես նաև խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գեորգի Թարգամաձեն։
«Վրացական երազանք» կոալիցիայի խորհրդական Գեորգի Խուխաշվիլին հաստատել է, որ «ունի փաստացի տեղեկատվություն, թե ուր, երբ և ինչ ճանապարհով են արտերկիր մեկնել Սաակաշվիլիի կառավարության որոշ նախարարներ»։










