Վարդան Օսկանյանը կհրավիրվի և նրան մեղադրանք կառաջադրվի
Նախաքննության մարմինը կհրավիրի Վարդան Օսկանյանին և նրան կառաջադրվի մեղադրանք, այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ ընթացակարգ է նախատեսում Քրեադատավարական օրենսգիրքը անձին, անձեռնմխելիությունից զրկված պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու առումով:
Նշենք, որ այսօրվա «Ժողովուրդը» տեղեկացրել էր, որ չնայած ՀՀ Ազգային ժողովը նախօրեին բավարարել էր Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված միջնորդությունը` ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, այնուամենայնիվ, «փողերի լվացման» գործում Օսկանյանը դեռևս ներգրավված չէ որպես մեղադրյալ:
«Ու տպավորություն է, որ գործող ռեժիմին պարզապես անհրաժեշտ էր աղմուկ բարձրացնել, թե «հանցագործը բռնված է», իսկ գործը նրանց չի հետաքրքրում»,- թերթի հետ զրույցում ասել էր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:










