Իսպանիայի համալսարաններից մեկում ահաբեկչություն է կանխվել
Իսպանական ոստիկանությունը Պալմա դե Մայորկայում ձերբակալել է 21-ամյա երիտասարդի, ով փորձել է ռումբ պայթեցնել համալսարաններից մեկի տարածքում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Տղամարդու մոտ հայտնաբերվել է 140կգ պայթուցիկ։ Գործակալությունը չի նշում կասկածյալի անունը:
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է նաև օրագիր, որում նա խոստովանել է հասարակության հանդեպ իր ատելության և Բալեարյան կղզիների համալսարանում սպանդ կազմակերպելու պլանների մասին, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Ըստ BBC News-ի՝ ձերբակալված իսպանացին օրինակ է վերցրել ամերիկացի Էրիկ Հարիսից և Դիլան Քլիբոլդից, ովքեր 1999թ. «Քոլումբայն» դպրոցում սպանել էին 12 և վիրավորել 23 մարդու։ Նրանց մասին համացանցում դրական արտահայտվելու պատճառով երիտասարդը հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, որը հետևել է նրան 5 ամիս։
Իսպանացին ռումբը պատվիրել է համացանցում և ստանալու պահին ձերբակալվել է։










