Թուրքիայի խորհրդարանը թույլատրեց կառավարությանը Սիրիայի սահմանի ներսում գործողություններ իրականացնել
Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) հաստատեց Սիրիայի կողմից Թուրքիայի սահմանին հետագա հարձակումների դեպքում Սիրիա ներխուժելու և ռազմական հարված հասցնելու վերաբերյալ կառավարության այսօր ներկայացրած փաստաթուղթը։
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, փաստաթուղթն ընդունվել է 320 կողմ, 129 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Դրանով Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը մեկ տարի ժամկետով լիազորություն է տալիս Թուրքիայի զինված ուժերն անհրաժեշտության դեպքում արտերկիր գործուղելու համար։
Խորհրդարանի նիստն անցկացվել է դռնփակ։ Ընդդիմադիր որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ, սակայն, դեմ են եղել դռնփակ անցկացմանը և տեղեկացրել, որ դեմ են քվեարկելու։
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Անկարայից ընտրված պատգամավոր Յալչըն Աքդողանը հայտարարել է, թե փաստաթուղթը չի նշանակում, թե իրենք պատրաստվում են անպայման պատերազմել։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, մինչ խորհրդարանի նիստը, Աքչաքալեի միջադեպի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կառավարության ընդլայնված կազմով նիստ էր տեղի ունեցել, որի ընթացքում կարևոր որոշումներ էին կայացվել։










