Անհայտ անձը զենք–զինամթերք է թողել Ա.Մանուկյան փողոցում և հեռացել

12:07 • 04.10.12

Անհայտ քաղաքացուց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում hոկտեմբերի 3-ին՝ ժամը 12.10-ին, ահազանգ է ստացվել, որ ինքը զենք և զինամթերք է թողնում Ա. Մանուկյան փողոցում գտնվող ակումբի մոտ՝ մեծ ծառի տակ:


Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափ 5 փամփուշտ, «ԱԿ-74» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 2 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի ձեռք բերած զենքը կամավոր հանձնելու դեպքում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից: