Այսօր կսկսվեն Վրաստանի իշխանության փոխանցման շուրջ բանակցությունները

09:31 • 05.10.12

Վրաստանի գործող կառավարության ներկայացուցիչների ու խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի անդամների՝ իշխանության փոխանցման շուրջ բանակցությունները կսկսվեն այսօր՝ վրացական ժամանակով ժամը 13.00-ին:

 

Ինչպես Trend գործակալությանը հայտնել են կոալիցիայից, հանդիպմանը «Վրացական երազանք»-ը կներկայացնի Իրաքլի Ալասանիան, Դավիդ Ուսուպաշվիլին և Իրաքլի Գարիբաշվիլին, իսկ կառավարությանը՝ խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգի Բոկերիան։

 

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայում հաշվել է 3 766 ընտրատեղամասերից 3 694-ի (99.95%) քվեաթերթիկները: Ձայների 54 .88 տոկոսով (1 184 593 քվե) առաջատար է «Վրացական երազանք»-ը։

Երկրորդ տեղում իշխող «Միացյալ ազգային շարժում»-ն է՝ 40.39 տոկոսով (871 725 քվե)։