Պուտինը երկօրյա այցով մեկնել է Տաջիկստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան։
Ինչպես տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը, այսօր նախատեսվում է նրա հանդիպումը երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ինչպես նաև այցելություն 201-րդ ռուսական ռազմաբազա։
Այս ռազմաբազան ամենամեծն է Ռուսաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև խոշորներից մեկը՝ Կենտրոնական Ասիայի տարածքում։
Հուլիսի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել էր հրաժարվել բազայի ֆինանսավորումից, քանի դեռ դրա վարձակալության ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում չի կայացվել։
Սեպտեմբերի կեսերին, սակայն, բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել էին, որ ռուսական բազան Տաջիկստանի տարածքում կմնա ևս 20-30 տարի։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին երկօրյա այցով մեկնելու է նաև Թուրքիա, ինչից հետո, ըստ թուրքական լրատվամիջոցների, Էրդողանի հետ կմեկնի Բաքու։










