Հ.Քլինթոնը Սաակաշվիլիին հորդորել է դադարեցնել ԿԸՀ անդամների վրա ճնշումները
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «զրույցի հիմնական թեման եղել է իրավիճակը Վրաստանում հետընտրական փուլում, մասնավորապես, այն ճնշումները, որոնք իրականացվում են որոշ ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամների և երկրի ԿԸՀ-ի անդամների վրա»:
Վրաստանի ԿԸՀ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ չորեքշաբթի և այսօր առավոտյան երկրի տարբեր շրջաններում արձանագրվել են «ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամների վրա ճնշումների փաստեր»:
Նրանք բոլոր ընտրական սուբյեկտներին և դրանց ակտիվիստներին կոչ են արել օրենքի շրջանակներից դուրս չգալ և թույլ տալ հանդարտ պայմաններում ավարտել ձայների հաշվարկը:










