87 թունիսցի կարող է մահապատժի ենթարկվել՝ ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար
«Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի պատճառով նախորդ ամիս Թունիսում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում գործած անձանցից 87-ը կարող է մահապատժի ենթարկվել։ Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է փաստաբան Անուար Ուլեդ Ալին։
«Ձերբակալվածներից ոմանք մեղադրվում են շարժական ու անշարժ գույքի յուրացման կամ հափշտակության նպատակ հետապնդող խմբերին մասնակցության մեջ։ Թունիսի Քրեական օրենսգրքի 74 հոդվածի համաձայն՝ նրանք կարող են դատապարտվել առավելագույն պատժի»,- ասել է նա։
Ամերիկյան արտադրության հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքի ակցիան ու հարձակումը դիվանագիտական ներկայացուցչության վրա տեղի էր ունեցել սեպտեմբերի 14-ին։
Նրանք այրել էին ամերիկյան դրոշն ու կայանված մեքենաները։ Հարձակման էր ենթարկվել նաև դեսպանատան մոտ գտնվող ամերիկյան դպրոցը։ Անկարգությունների հետևանքով 4 հոգի զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։










