Հայ-իտալական ֆուտբոլային առաջին դիմակայությունը
2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը «Հրազդան»մարզադաշտում կհյուրընկալի Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոն Իտալիայի ընտրանուն: Իտալիայի հավաքականը Եվրոպայի ամենատիտղոսակիր ընտրանիներից մեկն է:
Իտալացիները 4 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2 անգամ դարձել են աշխարհի փոխչեմպիոններ, մեկ անգամ արժանացել են բրոնզե մեդալի: Եվրոպայի առաջնություններում իտալացիները հաղթող են ճանաչվել մեկ անգամ, 2 անգամ էլ դարձել են մայրցամաքի փոխչեմպիոններ:
Իտալական ֆուտբոլի առաջին լուրջ հաջողությունները գրանցվել են դեռևս անցյալ դարի 30-ական թվականներին, երբ ազգային հավաքականը 2 անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 1934թ. Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում տանտերերը եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեցին չեխերին: 4 տարի անց Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացիները կրկնեցին իրենց հաջողությունը՝ պահպանելով ուժեղագույնի տիտղոսը: Այս անգամ վճռորոշ խաղում իտալացիները 4:2 հաշվով պարտության մատնեցին Հունգարիայի հավաքականին:
Մինչև աշխարհի եռակի չեմպիոն հռչակվելը, Իտալիայի հավաքականը 1968թ. իր երկրում անցկացված Եվրոպայի առաջնությունում հաղթող ճանաչվեց:
Հարավսլավացիների հետ կայացած եզրափակիչ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Այն ժամանակ գործող մրցակարգի համաձայն մրցակիցները հաջորդ օրը կրկին խաղադաշտ դուրս եկան: Այս անգամ իտալացիները 2 անպատասխան գնդակ խփեցին մրցակցի դարպասն ու նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
1982թ. Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացիները 3-րդ անգամ նվաճեցին ՖԻՖԱ-ի գավաթը՝ եզրափակիչում 3:1 հաշվով պարտության մատնելով ԳՖՀ-ի ընտրանուն: 24 տարի անց՝ 2006թ. Իտալիայի հավաքականը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն: Գերմանիայում անցկացված առաջնությունում իտալացիները վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական և լրացուցիչ ժամանակում՝ 1:1) հաղթեցին ֆրանսիացիներին:
Աշխարհի առաջնություններում իտալացիները ևս 2 անգամ հասել են մինչև եզրափակիչ, սակայն պարտվել են բրազիլացիներին: 1970թ. Մեքսիկայում նրանք պարտվել են խոշոր՝ 1:4 հաշվով, իսկ 1994թ. ԱՄՆ-ում զիջել են 11մ հարվածներով (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել):
Իտալացիները 2 անգամ էլ պարտվել են Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ խաղում (2000թ., Ֆրանսիա՝ 1:2, 2012թ., Իսպանիա' 0:4):
Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մրցելու իտալացիների հետ: Իտալիայի հավաքականը կլինի 54-րդ երկիրը, որի հետ կհանդիպեն մեր ֆուտբոլիստները:
Հայաստանի հավաքականը տարբեր տարիների բախտ է ունեցել մրցելու աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների, ինչպես նաև Եվրոպայի փոխչեմպիոնի հետ: Մեր հավաքականի տիտղոսակիր առաջին մրցակիցը եղել է 1992թ. Եվրոպայի չեմպիոն Դանիայի ընտրանին, որին հայ ֆուտբոլիստները 1996թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 2 հանդիպումներում էլ զիջել են: Հետագա տարիներին անհաջող են դասավորվել նաև ընտրական մրցախաղերը Եվրոպայի գործող չեմպիոններ Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների հետ: Միակ ոչ-ոքին գրանցվել է 2004թ. Եվրոպայի չեմպիոն հույների հետ 2008թ. Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կայացած ընկերական մրցախաղում:
1998թ. աշխարհի չեմպիոն ֆրանսիացիների հետ ընտրական մրցախաղերն էլ ավարտվել են մրցակցի հաղթանակով: Իսկ ահա 2004թ. Եվրոպայի փոխչեմպիոն պորտուգալացիների հետ Երևանում անցկացված ընտրական մրցախաղում հաջողվել է մեկ միավոր վաստակել:
Ներկայացնում ենք աշխարհի (Ա) և Եվրոպայի (Ե) գործող չեմպիոնների, ինչպես նաև Եվրոպայի փոխչեմպիոնի (ԵՓ) հետ Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումների համառոտ վիճակագրությունը:
16.08.1995 Հայաստան-Դանիա (Ե)՝ 0:2 (0:1) (ԵԱ)
Միխայել Լաուդրուպ (33), Ալան Նիլսեն (46):
15.11.1995 Դանիա (Ե)՝- Հայաստան՝ 3:1(2:0) (ԵԱ)
Միխայել Շյոնբերգ (22), Միխեյ Բեք (37), Միխայել Լաուդրուպ (58) - Արթուր Պետրոսյան (47):
09.10.1996 Հայաստան-Գերմանիա (Ե)՝ 1:5 (ԱԱ)
Կարապետ Միքայելյան (85) - Թոմաս Հյոսլեր (20, 39), Յուրգեն Քլինսման (26), Ֆրեդի Բոբիչ (69), Շտեֆան Կունց (82):
10.09.1997 Գերմանիա (Ե)-Հայաստան՝ 4:0 (0:0) (ԱԱ)
Յուրգեն Քլինսման (70, 84), Թոմաս Հյոսլեր (86), Ուլֆ Կիրստեն (90):
31.03.1999 Ֆրանսիա (Ա) -Հայաստան՝ 2:0 (2:0) (ԵԱ)
Սիլվիան Վիլտոր (3), Քրիստոֆ Դյուգարի (45):
08.09.1999 Հայաստան-Ֆրանսիա (Ա) ՝ 2:3(1:1) (ԵԱ)
Կարապետ Միքայելյան (6), Արմեն Շահգելդյան (90' 11մ) - Յուրի Ջորկաեֆ (45' 11մ), Զինեդին Զիդան (67), Լիլիան Լասլանդ (74):
22.08.2007 Հայաստան-Պորտուգալիա (ԵՓ)՝ 1:1(1:1) (ԵԱ)
Ռոբերտ Արզումանյան (11) - Քրիշտիանու Ռոնալդու (37):
17.11.2007 Պորտուգալիա (ԵՓ)-Հայաստան՝ 1:0 (1:0)
Ուգու Ալմեյդա (42):
01.06.2008 Հունաստան (Ե)-Հայաստան՝ 0:0 (Ը)
10.09.2008 Իսպանիա (Ե)-Հայաստան՝ 4:0 (2:0) (ԱԱ)
Խուան Կապդևիլիա (8), Դավիթ Վիլյա (16, 79), Մարկոս Սենա (82):
10.10.2009 Հայաստան-Իսպանիա (Ե)՝ 1:2 (0:1) (ԱԱ)
Ռոբերտ Արզումանյան (58) - Սեսկ Ֆաբրեգաս (33), Խուան Մանուել Մատա (64՝11մ):










