Լևոն Տեր-Պետրոսյանը լռում է, քանի որ այլևս ասելիք չունի. Հայկ Բաբուխանյան

14:19 • 12.10.12

«Սահմանադրական իրավունք միության» (ՍԻՄ) ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը լռում է, քանի որ այլևս ասելիք չունի։ 


«Նրա ամբողջ քաղաքական ծրագիրն ավարտվեց սիեստայով»,- հայտարարեց պատգամավորը։


Բաբուխանյանն ընդգծեց, թե անգամ նրա յոթ պատգամավորները ԱԺ-ում յոթ ձևով են քվեարկում:


«Վերցրեք ՀԱՊԿ-ի քվեարկությունը, վերցրեք այլ հարցեր, այսինքն՝ ամենակարևորագույն խնդիրներում չկա միասնություն»,- ասաց նա:


Հայկ Բաբուխանյանը շարունակեց թվարկել «ՀԱԿ-ի ձախողումները». «Տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններին դուք տեսաք, որ որևէ մասնակցություն չունեցան: Դուք տեսաք, որ ԱԺ ընտրություններում 6-ը հրաշքով դարձավ 7, որպեսզի ներկայանան ԱԺ: Նախընտրական շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանին դիմավորում էին 3-4 հոգի»:


ՍԻՄ նախագահն այս ամենից ենթադրեց , որ ՀԱԿ-ը չունի ժողովրդի աջակցությունը և չունի թիմ, որ կարող է լուրջ դերակատարություն ունենալ նախագահական ընտրություններում:


«ՀԱԿ-ի էջը փակված կարելի է համարել: ՀԱԿ-ը կմնա Պառլամենտում, որպես ծայրահեղ ընդդիմություն, բայց նույն պառլամենտական ֆրակցիան տարբեր տեսակետներ կներկայացնի նույն հարցի վերաբերյալ»,- եզրափակեց նա: