Ստամբուլի բեմում հայ և թուրք երաժիշտների կատարմամբ Կոմիտաս և Արամ Խաչատրյան է հնչելու

11:53 • 12.10.12

Հայ և թուրք երաժիշտները վաղը Ստամբուլի բեմում համատեղ կկատարեն հայկական երաժշտության երկու տիտանների՝ Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, տեղեկացնում է Hurriyet daily news-ը։
 

Համերգի ընթացքում կնվագեն ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին և թուրք ջութակահար Ջիհաթ Աշքընը։

«Ջիհաթը միջազգային ջութակահար է։ Նա գործընկեր է, ով երաժշտության լեզվով խոսում է ինձ հետ։ Ի տարբերություն այլ երաժիշտների, մենք իրար հետ երկար քննարկումներ չենք ունենում, և համաձայնության գալու կարիք չի լինում։ Մենք միևնույն կերպ ենք զգում,  պարզապես երաժշտություն ենք ստեղծում»,-ասում է Արծրունին։

 

Աշքընը նշում է, որ Կոմիտաս կատարելն իր համար՝ որպես արտիստի, մեծ նշանակություն ունի։

«Կոմիտասն այս հողի առաջին կոմպոզիտորներից և էթնո երաժշտագետներից մեկն է։ Նա առաջինն է հավաքել անատոլիական երգերը»,-ասում է նա։

 

Անդրադառնալով Կոմիտասի դժվար և ողբերգական կյանքին՝ թուրք երաժիշտը նշում է, որ այն կարող է պիտանի լինել գրքերի համար։

«Բայց ես չեմ հավատում, որ նրա ստեղծագործության հետագիծն իր կյանքի արտացոլանք է։ Արվեստը կյանքից բարձր է։ Կոմպոզիտորի երաժշտությունը պարտադիր չէ արտացոլի նրա կենսագրությունը։ Մոցարտը դժբախտ կյանք է ունեցել, սակայն նրա երաժշտությունն արևոտ է և լավատեսական»,- մեկնաբանում է նա։

 

Համերգի ընթացքում Արծրունին և Աշքընը նաև կներկայացնեն աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ «Կոմիտասը հայ երաժշտության աղբյուրն է, իսկ Արամ Խաչատրյանը՝ հայ մշակույթի երաժշտական դեսպանը»,-ասում է Արծրունին։

 

Վերջինիս խոսքով՝ համերգի երաժշտական նպատակը երկու ուժերին համեմատելն ու հակադրելն է։ «Ջիհաթը և ես ներկայացնելու ենք Խաչատրյանի ստեղծագործություններն ու Կոմիտասի երգերը՝ ներառյալ նրա հայտնի «Կռունկ»-ը»,- ասում է երաժիշտը։

 

Համերգի ընթացքում կհնչեն նաև Կոմիտասի հավաքած ժողովրդական պարեղանակները՝ պատմական Հայաստանից՝ Մուշից, Էրզրումից և Երևանից։

 

Hurriyet daily news-ն ընթերցողներին հիշեցրել է, որ Կոմիտասը կարևոր դեր է խաղացել Անատոլիայի երաժշտութան ուսումնասիրության հարցում։ 1915թ.-ի դեպքերից հետո նա կորցրել է հոգեկան առողջությունը՝ տեսնելով բազմաթիվ ընկերների սպանությունները։ Նա մահացել է Փարիզի հոգեբուժարանում՝ 1935 թ.-ին։