Ամերիկյան կոնգրեսականները սխալմամբ գաղտնազերծել են Բենգազիում ԿՀՎ-ի բազայի գաղտնի տվյալները
Ամերիկյան կոնգրեսականները անզգուշության արդյունքում սխալմամբ գաղտնազերծել են Լիբիայի Բենգազի քաղաքում ԿՀՎ-ի բազայի տեղը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին:
Կոնգրեսում ընթացող հասարակական լսումների ժամանակ, որոնք նվիրված էին Բենգազիում ԱՄՆ դեսպանի և 3 դիվանագետների մահվան հանգամանքներին, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ներկաներին ցույց է տվել արբանյակային լուսանկար, որում նշված էր ոչ միայն դեսպանատան տեղը, այլ նաև մոտակայքում գտնվող ԱՄՆ կառավարությանը պատկանող «հավելյալ հաստատությունները»:
Քննարկման ընթացքում պարզվել է, որ այդ «հավելյալ հաստատությունները» զբաղեցրել են ոչ թե պետդեպի աշխատակիցները, այլ դրանք զբաղեցրել են «այլ կառավարական կառույցի» (ԱԿԿ) ներկայացուցիչները: Իսկ նման արտահայտության տակ, Վաշինգտոնում ձևավորված ավանդության համաձայն, գրվում է Կենտրոնական հետախուզական վարչության օտարերկրյա կառույցները:
Կոնգրեսականներից մեկը պահանջել է, որ լուսանկարը անհապաղ հանվի, սակայն երկար անհամաձայնություններից հետո, երբ վերջապես լուսանկարը հանվել է, արդեն բոլոր ցանկացողները տեսել են, թե որտեղ է Բենգազիում ԱՄՆ ԱԿԿ-ն:
Բացի այդ, հասարակական լսումների ժամանակ կոնգրեսականը անզգուշաբար բացահայտել է ևս մի քանի գաղտնիքներ:
Պարզվել է, որ Բենգազիում աշխատել են ԱԿԿ-ի 7 աշխատակիցներ, որոնք զինված են եղել, սակայն չեն ենթարկվել դիվանագիտական ներկայացուցչության պահպանության ղեկավարությանը և ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի ենթակայության տակ չեն եղել:
Ըստ պարբերականի, հանրապետականները ցանկանում էին բաց լսումներ անցկացնել, որ գործող իշխանություններին մեղադրեին դեսպանատան պաշտպանության վատ կազմակերպման մեջ, սակայն արդյունքը հակառակը ստացվեց:
Հիմնականում հենց հանրապետական կոնգրեսականների թեթև ձեռքով ամբողջ աշխարհի ահաբեկիչները այժմ գիտեն, թե որտեղ է ԿՀՎ-ի բազան Բենգազիում, քանի մարդ է այնտեղ աշխատում և թե ինչպես է այն պահպանվում:
Բացի այդ, հետաքննության արդյուքնում հայտնի է դարձել, որ դեսպանատունը կարող էր տուժել ոչ թե պետդեպարտամենտի անգործությունից, այլ հենց ԿՀՎ-ի վատ աշխատանքից:
Երբ պարզ է դարձել, որ ամեն բան շատ հեռու է գնում, բաց հանրային լսումները դադարեցվել են, և առաջարկվել նիստը շարունակել փակ ռեժիմով:










