Ավտովթար Գյումրի-Բավրա ճանապարհին. վարորդին անգիտակից վիճակում մեքենայից հնարավոր է եղել հանել միայն վթարից կես ժամ անց (վիդեո)

01:28 • 12.10.12

Հոկտեմբերի 11-ին ժամը 22-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Բավրա ավտոճանապարհին`Քեթի գյուղի մոտակայքում: Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունից, «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ճամփեզրին գտնվող կիսակառույց անասնագոմին և շրջվել:


Բախման արդյունքում կիսակառույցը փլվել է, իսկ մեքենայի վարորդը`ազգությամբ ռուս`Գյումրիի սահմանապահ ջոկատի զինծառայող 27-ամյա Ալեքսեյ Սոլոդովնիկովը ստացել է մարմնական բազմաթիվ վնասվածքներ: Վարորդը մեքենայում եղել է միայնակ:


Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգել են Քեթիի բնակիչները: Ալեքսեյ Սոլոդովնիկովը մեքենայից դուրս է բերվել վթարից կես ժամ անց, ինչը հնարավոր է եղել միայն փրկրարաների օգնությամբ:Նա անգիտակից վիճակում տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկային անվան վիրաբուժական հիվանդանոց: Տուժածի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:


Վթարի մանրամասները պարզում է Ախուրյանի քննչական բաժինը:




 


Տեսանյութը՝ Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության