Անթույլատրելի է ԼՂ խնդիրը կապել հայ–թուրքական հարցին. Էդուարդ Շարմազանով

18:31 • 14.12.12

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի՝ երեկ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված համաժողովում արած հայտարարությանը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է:


«Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծմամբ»,– ասվում է Էդուարդ Շարմազանովի տարածած հայտարարությունում և նշվում է, որ Թուրքիան այստեղ որևէ անելիք չունի:


Անդրադառնալով Չիչեքի այն դիտարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Կովկասի կայունությանը և խաղաղությանը սպառնացող ամենալուրջ հարցն է, և Թուրքիան սպասում է, որ հայկական քաղաքականությունն ազատվի սփյուռքի խնամակալությունից, ԱԺ փոխնախագահը հակադարձել է, թե տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի միակ պատճառը Թուրքիայի հովանավոր Ադրբեջանն է, որը քարոզում է հակահումանիստական արժեքներ:



Ի գիտություն Չիչեքի և ողջ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու սփյուռքը մեկ ընտանիք և միասնություն են: Նա հավելել է, որ անհեթեթ հայտարարություններով հանես գալու փոխարեն արդարացի կլինի գիտակցել, որ Հայաստանն ու սփյուռքն անելու են ամեն ինչ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ: