Իշխանությունները բարդ դրության մեջ են. Արմեն Մարտիրոսյան

13:21 • 13.03.13

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավատացնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի քայլը բարդ դրության մեջ է դրել իշխանություններին: «Որքան էլ ցինիկաբար են մեկնաբանում հաց չուտելու հանգամանքը»,- այսօր հրավիրված բացօթյա ասուլիսին ասաց նա և ավելացրեց, որ ստեղծված քաղաքական գործընթացի համար առաջին հերթին հենց նրանք պետք է որոշակի պատասխան տան: Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը դուրս է եկել իշխանության վերահսկողությունից և ընթացքն այլևս իրենց չի ենթարկվում:

«Մեր քաղաքացիների գիտակցության մեջ փոփոխություն է տեղի ունեցել և նրանց ընտրակաշառքներն էլ այլևս այն ազդեցությունը չունեն, ինչ կար: Իրենք այս ամենի ընթացքում ցայտնոտի մեջ են ընկել»,- նշեց նա:


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով` հետընտրական ճգնաժամը համապետական է, հետևաբար, ըստ նրա՝ լուծումն էլ պետք է լինի համապետական: «Կա համապետական խնդիր, ճգնաժամ, և այն պետք է լուծել: Ես հույս ունեմ, որ գործող նախագահը կհասկանա և ավելի սթափ կգտնվի: Վճռական գործողություններն արդեն տեղի են ունեցել, և դա տեղի է ունեցել փետրվարի 18-ին: Հույս ունեմ, որ այդ լուծումը իրեն սպասել չի տալ և հանդիպումից հետո երրորդ և չորրորդ նախագահները իրական առաջարկներ կներկայացնեն»,- ասաց նա:


Նա նշեց, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունից էլ պարզ է, որ պայմանավորվածությունները հրապարակային են, և նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին արդեն տեղեկացրել է, թե ինչպես կարող են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: «Մեծ ուրախությամբ կընդունի և կզրուցի»,- ասաց նա և նշեց, որ հանդիպման մասին որևէ արձագանք չկա: Իշխանական կողմի արձագանքները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իրականությունից կտրված է և մի տեսակ «ռոմանտիկայի ոլորտից» են դիտվում՝ Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. «Իրենց իրականության ոլորտն ավելի վատն է, թալանված երկիրն է, հացադուլ անող ընտրված նախագահը մեկ վրանի տեղադրելու իրավունք չունի, սա է իրենց իրականությունը, սա ոչ թե ապահով Հայաստանի մասին է խոսում, այլ անապահով»:


Արմեն Մարտիրոսյանը դրա պատճառը տեսնում է այն բանի մեջ, թե ինչու է Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը շնորհավորել Սերժ Սարգսյանին 60 տոկոս վստահության քվե ստանալու առիթով: «Եվրասիական միություն մտնելու խնդիր կա, ԼՂՀ զիջման խնդիր կա, արտաքին տարբեր հարցերում Հայաստանից միակողմանի զիջումների խնդիր կա, որը, ցավոք, դեռ միայն իրականացվում է»,- ասաց նա և օրինակ բերեց Իրան-Հայաստան գազամուղի խնդիրը, երբ ըստ նրա, բոլորը համաձայն էին մեծ տրամաչափի գազամուղ անցկացնել, ինչը ձեռնտու կլինի Հայաստանի համար, մինչդեռ Հայաստանի իշխանությունները բավարարելով Ռուսաստանի պահանջը՝ փոքր տրամաչափի շուրջ համաձայնության են գալիս: «Պարզ է, թե 60 տոկոսն ինչին է վերաբերվում»,- ասաց նա:


Արմեն Մարտիրոսյանը խոսեց նաև այն տեղեկությունների մասին, թե սկսվել է ստվերային կառավարություն ձևավորելու գործընթացը: Նա հավատացրեց, որ նման բան չկա ընդհանրապես: «Հրապարակի շարժման շրջանակներում ստիպում ենք մեկնաբանել մի բան, որը չկա, ինչպե՞ս ես անեմ, ասեք»,- հարցրեց նա:


Խոսելով մայիսին սպասվող Երևանի ավագանու ընտրություններից, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե Դաշնակցության իրենց գործընկերներն առանձին ցուցակով գնան, Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, իրենք խնդիր չեն տեսնում, իսկ ինչ վերաբերում է միասնական ցուցակին, նա ևս մեկ անգամ շեշտեց, որ պարոն Հովհաննիսյանն ասել է, որ այլևս «Ժառանգության» խնդիր չկա և շարժումը համազգային է:


«Եթե միասնական ցուցակով գնալու որոշում կայացվի, բնականաբար, այն պետք է ամփոփի միասնական պայքարը»,- նշեց նա:


Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ քաղաքական պայքարի վեկտորը Բաղրամյան 26-ից տեղափոխվեց դեպի Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլով, ով այդպիսով ուղղությունը փոխարինեց դեպի իրեն:


«Ուստիև կարծում եմ, որ նախ, առաջին հերթին ապրիլի 9-ին խոսքը չի հասնի։ Այնուամենայնիվ, իշխանության մեջ ոչ միայն քրեաօլիգարխիկ տարրերն են հավաքված, այլև քաղաքականապես ողջամտություն ունեցող և մտածող մարդիկ և հույս ունեմ, որ հենց այդ անձանց ներգործության շնորհիվ իրենք երկխոսության կմտնեն ժողովրդի հետ և իրական լուծումներ կառաջարկեն»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ մարդիկ պետք է իրենց վրա որոշակի պատասխանատվություն վերցնեն:


Նա կարծում է, որ իշխանության ներսն էլ միատարր չէ, տարբեր գաղափարներ կան, և կարծում է, որ ներքին բախումը նաև պետք է այնտեղ լինի։ «Եվ վերջապես, որևէ իշխանություն, որքան էլ առանձնացած է ժողովրդից, այդ ներքին իմպուլսները պետք է իր վրա զգա, և այնպես չէ, որ իշխանությունը իրեն էդպես մոնոլիտ կեցվածքով է պահում մի իրավիճակում, երբ կա ճգնաժամ: Այն էլ՝ հանրապետական»,- ավելացրեց «Ժառանգության» անդամը:


Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ եթե Երևանի ավագանու ընտրություններում, այնուամենայնիվ, միավորում կլիներ, որևէ կուսակցություն իր ինքնուրույնությունը չէր կորցնի, բայց չի կարծում , որ չմիավորման պատճառը ամբիցիաներն էին: Ասաց, որ մի փոքր տեղյակ է՝ ինչի մասին է խոսքը և դա ամբիցիաներին չի վերաբերում: Նա ավելացրեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է և իրավունք ունի սեփական շահերն ունենալ, որովհետև ներկայացնում է ժողովրդի որոշակի հատվածի շահերը:


«Իսկ միասնական կլինե՞ն իրենց հետ պայքարում» հարցին ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այս պարագայում «այլևս կա ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան և ժողովրդական պայքար», իսկ ով ինչպիսի դիրքորոշում կընտրի, իր իրավունքն է, կարող են մասնակցել, չմասնակցել, բայց ցանկացած պարագայում, Ազատության հրապարակում գտնվող պայքարող քաղաքացին պետք է մասնակցի:


«Բայց ժողովուրդը, մեծամասնությամբ այսօր Ազատության հրապարակում է ֆիզիկապես և հոգեպես՝ չնայած ճնշումներին ու սպառնալիքներին »,- ասաց նա: