Հռոմի պապը դեռ չի ընտրվել. Սիքստինյան կապելլայի ծխնելույզից կրկին սև ծուխ է դուրս եկել
Վատիկանում կոնկլավի (գաղտնի ժողովի) քվեարկության երկրորդ և երրորդ փուլերը, որի ընթացքում պետք է ընտրվեր Հռոմի 266-րդ պապը, ապարդյուն են ավարտվել. Սիքստինյան կապելլայից սև ծուխ է բարձրացել, այսինքն՝ Պապ չի ընտրվել։
Կաթոլիկ եկեղեցու օրենքով, երբ Պապն ընտրվի՝ տաճարի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս կգա։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, կոնկլավին մասնակցում են Կարդինալների խորհրդի 115 անդամներ, որոնք երեքշաբթի երեկոյան հավաքվել են և երդվել գաղտնի պահել այն ամենը, ինչ կապված է Հռոմի պապի ընտրության հետ։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ընտրության համար անհրաժեշտ է, որ ապագա Պապը ստանա քվեարկողների ձայների երկու երրորդը, այսինքն՝ նրա օգտին պետք է քվեարկի առնվազն 77 մասնակից։
Այս կոնկլավը համարվում է առաջինը ժամանակակից կաթոլիկության պատմության մեջ, որը հրավիրվել է ոչ թե Հռոմի պապի մահվանից, այլ պաշտոնից հրաժարվելուց հետո։










