Մենք բարդույթ չունենք. Հ. Սահակյանը չի բացառում, որ Ս.Սարգսյանը Ր. Հովհաննիսյանին հանդիպի Ազատության հրապարակում
Քաղաքականության մեջ առհասարակ ոչինչ բացառված չէ, և, ըստ այդմ, բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակում այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու:
«Առավել ևս, որ բարդույթ չունենք՝ այցելելու և՛ Ազատության հրապարակ, և՛ այցելելու մեր ժողովրդին, որը գտնվում է Ազատության հրապարակում, որը մեր ժողովրդի մի մասնիկն է, ՀՀ քաղաքացին: Որևէ բարդույթ չկա, և պետք էլ չէ ֆիքսվել դրա վրա և դարձնել հարցերի հարցը: Առավել ևս, որ մեզ համար շատ կարևոր է բովանդակությունը և ոչ թե ձևը, և դրան էր միտված երկրի նախագահի հրավերը Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նորից խոսեն, փորձեն գտնել որոշ հարցերի պատասխաններ»,- ասաց հանրապետական պատգամավորը:
Նա ավելացրեց, որ սպասում են Սահմանադրական դատարանի՝ որպես պետության բարձրագույն իրավական դատական ատյանի որոշմանը, որպեսզի՝ «որպես հաղթող կողմ, հրավիրենք, նստենք, խոսենք»:
Այս օրերին հրապարակում տեղի ունեցող գործընթացներին իշխանության հիմնական արձագանքն է՝ «Իսկ ո՞վ է ասել, որ չգիտենք, որ դժգոհություն կա, և այն արտահայտվել է մոտ 37 տոկոս ձայների տեսքով, որ ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը»: Այն հարցին, թե գուցե, դա ադեկվատ արձագա՞նք է այն առումով, որ դժգոհությունը շատ ավելի խորն է, քան պատկերացնում են իշխող կուսակցությունում, ՀՀԿ-ական պատգամավորն ի պատասխան ասաց, որ իշխող քաղաքական թիմը շատ լավ պատկերացնում է երկրի խնդիրները՝ լինելով հենց ժողովրդի մեջ ու կողքին: Այսինքն՝ տեղեկացված է առաջին իսկ աղբյուրից:
«Եվ քաջ գիտակցում է և՛ դժգոհության պատճառը, և՛ խնդիրները: Եվ, իսկապես, հավատացրել ենք և այսօր էլ հավատացնում ենք, որ գնալու ենք արմատական, համարձակ փոփոխությունների: Ուղղակի մեկ նկատառում պետք է նշեմ, որ այդ փոփոխությունները մենք պետք է իրականացնենք առօրյա կյանքում և չծանրանանք մեկ-երկու պաշտոնյայի փոփոխության վրա, որից աշխատաոճը, մտածելակերպը, քաղաքականությունը չի փոխվելու»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ վստահեցնելով, որ մոտ ժամանակներում դա կերևա: Նա նկատեց՝«հաշվի առնելով, որ առջևում երդմնակալությունն է, նոր կառավարության ձևավորումը», որի « գաղափարախոսությունն ու հենքը լինելու է էդ ամբողջական՝ մտածողության, աշխատաոճի փոփոխությունը»:
Ի պատասխան հարցի, թե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պես կարծո՞ւմ է, որ Կառավարության դեմքը էապես փոխվելու է, պատգամավորը նկատեց. «Ես կարող եմ համաձայնել պարոն Աշոտյանի հետ, բայց իմ միտքն եմ արտահայտում, և ես էլ եմ կարծում այդպես»:
Այսուհանդերձ, Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի ոչ պաշտոնական հրապարակումներից ակնհայտ դարձավ, որ ցուցակում նույն հին դեմքերն են, հիմնականում՝ գործող ավագանու կազմից:
Ըստ Հովհաննես Սահակյանի՝ ավագանու ընտրություններում համամասնական ցուցակը մի փոքր սպեցիֆիկ է: Այն առանձնահատկությունն ունի, որ այստեղ առաջնային է համարվում, թե ով է գլխավորում այն:
Հովհաննես Սահակյանը կարծում է, որ իրենց ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի վերջին մեկ-երկու տարիներին Երևանի բակերում ու փողոցներում կատարած աշխատանքը, բավականին, շոշափելի ու նկատելի է:










