Պակիստանցի զինվորին քարկոծելով սպանել են՝ սիրավեպի պատճառով

15:31 • 13.03.13

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քուրամ շրջանում, ցեղական դատարանի վճռի համաձայն, զինվորին հրապարակավ քարկոծելով սպանել են, հայտնում է Reuters-ը: Նման դատաստանի պատճառը եղել է տեղի բնակչուհիներից մեկի հետ սիրավեպը:

 

Խոսքը 27-ամյա Անվար Դինի և 19-ամյա Ինթիզար Բիբիի մասին է. զինվորն աշխատել է նրա տան մոտ գտնվող հսկիչ-անցագրային կետում: Երբ Դինին ծառայության են նշանակել Քաշմիրում, սիրահարները որոշել են փախչել:

 

Երիտասարդին ու աղջկան երկուշաբթի օրը գյուղից դուրս նկատել են համագյուղացիները: Դրանից հետո գործով զբաղվել է ջիրգան՝ ցեղային դատարանը: Երիտասարդին տարել են տեղի գերեզման, որտեղ և հաշվեհարդար են տեսել նրա հետ, իսկ աղջկան փակի տակ են առել: Աղբյուրը նշում է, որ նրանց կապի հստակ ապացույց չի եղել:

 

Նշվում է նաև, որ միջադեպը գրանցվել է Աֆղանստանի հետ սահմանային կիսաինքնավար շրջանում, ինչը ցույց է տալիս, թե որքան բարդ է վստահելի քաղաքացիական վարչարարություն հաստատել այդտեղ: