Սիրիայի օդուժը ռմբահարում է Հոմսը
Սիրիական ավիացիան գրոհ է իրականացրել Հոմս քաղաքի Բաբա Ամր շրջանի ուղղությամբ, այս մասին INTERFAX-ի փոխանցմամբ, հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդ կազմակերպությունը:
Սիրիական բանակի և ապստամբ գրոհայինների միջև կատաղի մարտեր են ընթանում նաև Սիրիայի և Լիբանանի սահմանամերձ շրջաններում: Ընդդիմադիր իրավապաշտպանների պնդմամբ, ռազմական գործողությունների ընթացքում 4 ապստամբ է զոհվել:
Բացի այդ, զանգվածային հրետակոծման են ենթարկվում Սիրիայի կենտրոնական հատվածի Պալմիրա քաղաքի արվարձանները:
Հաղորդվում է, որ բախումներ են տեղի ունենում Դամասկոսը միջազգային օդանավակայանին կապող մայրուղու մոտ:
Սիրիական ապստամբներն արդեն մի քանի ամիս փորձում են իրենց վերահսկողության տակ առնել այդ մայրուղին, սակայն ամեն անգամ կառավարական ուժերի կատաղի դիմադրությանը բախվելով` նահանջում են:










