Հրացանը ձեռքին լուսանկարն ու մգեցված ապակիները Կալիֆոռնիայում «մատնել են» թմրամոլ հային. նա կալանավորվել է

11:03 • 14.03.13

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լա Քրեսենթա-Մոնթրոզե շրջանում թմրամիջոց և կեղծ դեղատոմսեր օգտագործելու կասկածանքով հայ ամուսիններ են ձերբակալվել:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, դեպքը տեղի է ունեցել անցած կիրակի. ոստիկանները Լա Քրեսենթա-Մոնթրոզեի փողոցներից մեկում մգեցված ապակիների համար կանգնեցրել են 34-ամյա Սևակ Մեսրոպյանի ավտոմեքենան: Մեսրոպյանն իրավապահներին պատմել է, որ ինքը գողության համար (թե ինչ գողություն, չի նշվում) ամիսներ առաջ դատապարտվել է և վերջերս է պայմանական վաղաժամ ազատ արձակվել: Մեսրոպյանի ավտոմեքենայում խուզարկության ժամանակ ոստիկանները մետամֆետամին տեսակի թմրադեղ են հայտնաբերել և թվային մի լուսանկար, որում Մեսրոպյանը պատկերված է եղել ինքնաձիգը ձեռքին:

 

Մեսրոպյանն ասել է, որ ինքնաձիգը պատկանում է իր ազգականներից մեկին, բայց հրաժարվել է տալ նրա անունը: Ոոստիկաններին դա կասկածելի էր թվացել ու նրանք որոշել էին խուզարկություն կատարել նաև նրա տանը (քանի որ ազատազրկման մեջ գտնվող անձն իրավունք չունի զենք կրել): Մեսրոպյանի բնակարանում, սակայն, ոստիկանները ինքնաձիգի փոխարեն հայտմաբերել են մի շարք դեղատոմոսեր, որոնցով Սոֆի Մաչանջյանի (Մեսրոպյանի զուգընկերուհու) անունով «վիկոդին» տեսակի ուժեղ ցավազրկող է դուրս գրվել, ինչպես նաև ամերիկացի մի բժշկի նոթատետրը: Իրավապահները կապ էին հաստատել դեղատոմսը դուրս գրած բժշկի հետ (բժշկի անունն ու հասցեն նշված են եղել դեղատոմսի վրա), նա, սակայն, հայտնել է, որ Մաչանդջյանի համար դեղատոմս դուրս չի գրել ու չգիտի, թե իր նոթատետրն ինչպես է հայտնվել կնոջ մատ:

 

Ամուսինները բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք. Մեսրոպյանը՝ «մետամֆետամին օգտագործելու և  ազատազրկան մեջ գտնվելու ժամանակահատվածում զենք պահելու» կասկածանքով, իսկ Մաչանջյանն՝ «գողացված իրեր  (նկատի ունի նոթատետրը, դեղատոմսերը-Tert.am) և թմրամիջոցներ պատրաստելու կամ արտադրելու  համար  անհրաժեշտ պարագաներ պահելու կասկածանքով: Մաչանջյանն ավելի ուշ գրավի դիմաց ազատ է արձակվել,  Մեսրոպյանը կալանավորվել է:  Հետաքննությունը շարունակվում է: