Լենս Արմսթրոնգն իրեն համեմատել է Բիլ Քլինթոնի հետ
Ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը, ով զրկվել է «Տուր դը Ֆրանս»-ի հաղթողի 7 տիտղոսներից և 2000թ. Սիդնեյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից՝ դոպինգ օգտագործելու պատճառով, իրեն համեմատել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ։ Արմսթրոնգը հույս է հայտնել, որ իրեն կներեն դոպինգը, ինչպես Քլինթոնին ներեցին Մոնիկա Լևինսկու հետ սիրային կապը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով CBS-ին։
Նախկին նախագահին Արմսթրոնգն անվանել է իր հերոսը։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց 10 տարի անց Քլինթոնը դարձել է «աշխարհի նախագահը»։
«Վերջիվերջո, մարդիկ ներում և մոռանում են, սակայն հիշում են այն լավը, ինչ դու արել ես»,- ասել է Արմսթրոնգը։ Հեծանվորդը նշել է, որ Քլինթոնին հաջողվել է ներման արժանանալ։










