Գիտնականները կասկածում են, որ կկարողանան զմռսել Չավեսի մարմինը. Մադուրո
Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի մարմինը, հնարավոր է, չհաջողվի զմռսել. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն։
«Գիտնականները վկայում են, որ դա բավական դժվար կլինի իրականացնել, քանի որ որոշումը պետք է կայացվեր ավելի վաղ»,- ասել է նա՝ նշելով, որ ինքը պարտավոր էր այդ մասին տեղեկացնել ժողովրդին։
Մադուրոյի խոսքերով՝ Չավեսի մարմինը զմռսելու առաջարկն արել էին մի քանի երկրների ղեկավարներ, ովքեր անցյալ շաբաթ ժամանել էին Վենեսուելա՝ նախագահի հրաժեշտի արարողությանը մասնակցելու նպատակով։
Խոսելով գիտնականների տեսակետների մասին, Մադուրոն հաղորդել է, որ երկիր են ժամանել մասնագետներ Ռուսաստանից և Գերմանիայից։
«Զմռսման գործընթացը բարդ է և իմ պարտքն է հաղորդել, որ հնարավոր է դա իրականացնել չհաջողվի»,-ասել է նախագահի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ Չավեսի հուղարկավորության արարողությունը պետք է կայանար անցյալ ուրբաթ, սակայն երկրի իշխանությունները նախագահի մարմինը զմռսելու և հեղափոխության թանգարանում դնելու մասին որոշում էին կայացրել։










