Հռոմի նորընտիր պապը 2006թ. Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

09:39 • 14.03.13

Հռոմի նորընտիր պապ Խորխե Մարիո Բերգոլիոն տարիներ առաջ Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից (տարածվել է կառույցի՝ Facebook սոցիալական ցանցի էջում), կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը նման հայտարարությամբ հանդես է եկել 2006թ. իր հայրենիքում՝ Արգենտինայում, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ: Կաթոլիկների նոր հովվապետը, որ այդ ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, հիշատակի արարողության ժամանակ Մեծ եղեռնը որակել է որպես «մարդկության ու հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականցված ծանր հանցագործություն» և Անկարային հորդորել է ճանաչել այն:

 

 

Խորխե Մարիո Բերգոլիոն  Հռոմի պապ ընտրվեց երեկ: Երևանի ժամանակով  ժամը մոտ 22:00-ին Պապերի աթոռանիստ Վատիկանի (քաղաք-պետություն՝ Եվրոպայում) Սիքստինյան մատուռի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս եկավ, քաղաքի տարբեր անկյուններում ղողանջեցին զանգերը. ինչը նշանակում էր, որ կաթոլիկ աշխարհի 115 կարդինալներից առնվազն 77-ը գաղտնի փակ քվեարկության ժամանակ (Սիքստինյան մատուռում հրավիրված կարդիլաների հավաքում) թղթի վրա գրել էին միևնույն անունը: Րոպեներ անց արքեպիսկոպոս Ժան Լուի Տորանը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հայտարարեց, որ Հռոմի 266-րդ պապ է ընտրվել Արգենտինայի կարդինալ Մարիո Բորգոլիոն: 

 

Նոր Պապը ծնվել է 1936թ. Արգենտինայում (նրա ծնողները իտալացի գաղթականներ էին): Խորխե Մարիո Բերգոլիանոն 1992թ. դարձել է եպիսկոպոս, 1998թ. Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ  2001թ-ից  Արգենտինայի կարդինալ: Արդեն հայտնի է, որ Բերգոլիոն հանդես է գալու Հռոմի Ֆրանցիսկոս1-ին պապ անունով (նա իր համար ընտրել է Ֆրանցիսկոս անունը): 76-ամյա Բերգոլիոն Հռոմի առաջին պապն է` Լատինական Ամերիկայից:

 

Խորխե Մարիո Բերգոլիոն փոխարինեց Բենեդիկտոս 16-րդին, որը 2013թ. փետրվարին, առողջական խնդիրների պատճառով, հրաժարվեց պապական գահից: